Հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ են գործում ԱՀԹ-ի մի շարք համայնքներում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ են գործում ԱՀԹ-ի մի շարք համայնքներում

Հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ են գործում ԱՀԹ-ի մի շարք համայնքներում

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեկնարկել է ամառային երկրորդ բակային ճամբարը: Արդեն երրորդ տարին է, որ ԱՀԹ Բյուրավանի «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը բակային ճամբար է կազմակերպում Տ. Ղազար քահանա Պետրոսյանի հովվության յոթ համայնքներում: Այս տարի ընդհանուր թվով մասնակցել են շուրջ 180 երեխաներ: Ճամբարի առաջին հերթափոխը կազմակերպվել էր հունիսի 16-21-ը` դեպի Խոր Վիրապ իրականացված ուխտագնացությամբ: Ճամբարում երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան հոգևոր պատմություններին, դիտում և քննարկում են հետաքրքիր ֆիլմեր: Կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, որոնք երեխաների առօրյան էլ ավելի հետաքրքիր և հագեցած են դարձնում: Հոգևոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում գործում են մի շարք համայնքներում: Այս պահին բակային ճամբարներ են գործում Նորագավթի Ս. Գևորգ, Դավթաշենի Ս. Նահատակաց և Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցիներում:Ն.Դվինի Ս. Հարություն և Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցիների ճամբարները կտևեն մինչև օգոստոսի վերջ: Վաղը՝ հուլիսի 1-ին, կբացվի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային ճամբարը: Իսկ հուլիսի վերջին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը համայնքի երիտասարդաց միության անդամների հետ մանկատան սաների համար Շորժայում կկազմակերպեն ավանդական տասնօրյա ճամբար: 

  • 2014-06-30
×