Հուլիսի 5-ին Ս.Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տեր Ղազար քահանա Պետրոսյանի ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի բերվեց Սրբի մասունքը: Համայնքի հավատացյալները գյուղի կենտրոնում դիմավորեցին սրբի մասունքը և մեծ թափորով, աղոթքներով, շարականներով ուղևորվեցին եկեղեցի: Տոնի առթիվ Ս.Պատարագ մատուցեց Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը: Գյուտ նշխարաց տոնը սույն եկեղեցու ուխտի օրն է, քանի որ տասնչորս տարի առաջ այն վերաօծվել է հենց տոնի օրը: Եկեղեցին այս տարի նշում է իր հիմնադրման 184 ամյակը: Ս. Պատարագից հետո հավատացյալ ժողովրդին մատաղ բաժանվեց, ապա եկեղեցու բակում ելույթ ունեցավ Զովաշեն համայնքի պարային խումբը: