Հուլիսի 10-ին՝ Սուրբ թարգմանիչներ Ս.Մեսրոպ և Ս. Սահակի հիշատակության տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպել էր գրքի վերնիսաժ: Տոնակատարության բացումը ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը կատարեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը: Տեր հայրը ներկայացրեց նաև Ս. Մեսրոպի և Ս. Սահակի կյանքը և հայոց ազգի համար կարևորագույն դերակատարում ունեցած նրանց գործունեությունը: Ներկաներին ողջունեց և տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորեց փոխքաղաքապետ, ԱՀԹ Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր Արամ Սուքիասյանը: Ապա համերգային կարճ ծրագրով ելույթ ունեցավ ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը: