«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումար բաշխվեց Արարատի Ս. Հակոբ եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումար բաշխվեց Արարատի Ս. Հակոբ եկեղեցում

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով գումար բաշխվեց Արարատի Ս. Հակոբ եկեղեցում

Հուլիսի 12-ին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց Արարատի մարզի Արարատ համայնքի Ս. Հակոբ եկեղեցի: Այստեղ էին հավաքվել այս տարածաշրջանի գյուղերի այն 22 ընտանիքները, որոնք զոհված զինվոր կամ միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեն:  Սրբազան հորն ուղեկցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը, ԱՀԹ երիտասարդաց միության անդամներ:  Միջոցառմանը ներկա էին Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արարատ համայնքի գյուղապետ Կարեն Ղազարյանը, Արարատ գյուղի «Արարատ» գինու գործարանի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Տ.Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ զոհված զինվորների, ապա պահպանիչ աղոթք ընթերցվեց ծառայող զինվորների պահպանության և մեր հայրենիքի խաղաղության համար:  Արարողությունից հետո բաշխվեց գումարը. զոհված զինվորների ընտանքիներին՝ 350 000-ական դրամ, երեք զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 180 000-ական դրամ, երկու զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 100 000-ական դրամ:  Սրբազան հայրը ծաղիկներ դրեց Անդրանիկի ու ֆիդայինների, Արցախյան ազատամարտի ու Վազգեն Սարգսյանի հուշարձանների մոտ, որոնք տեղադրված են Ս. Հակոբ եկեղեցու բակում, ապա այցելեց Վազգեն Սարգսյանի տուն թանգարան՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոսի հիշատակին: Շրջայցից հետո նա պատվո հյուրերի մատյանում գրառու կատարեց:  Տ. Նավասարդ Սրբազանը հյուրընկալվեց Վազգեն Սարգսյանի ծնողների տանը: Տիկին Գրետան սիրով ընդունեց հյուրերին և տեղեկանալով «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի մասին՝ դրվատանքի խոսքեր ասաց կազմակերպիչներին: Սրբազան հայրը տիկին Գրետային շուտափույթ ապաէինում մաղթեց:  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ ու օրհնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն իրականացրել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները: Բարեգործական ճաշկերույթի ընթացքում հավաքված 50 մլն դրամ գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայություններին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվում է 2004-2014թ զոհված, հաշմանդամ ունեցող զինվորներ կամ միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին:  Գումարը բաշխվում է ՀՀ ՊՆ սոցիալական վարչության տրամադրած ցուցակով, որի մեջ ներառված է 302 ընտանիք:  Ծրագիրը կամփոփվի հուլիսի 15-ին՝ ժամը 12.00, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:

  • 2014-07-14
×