Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագիրը: Միջոցառումն անցավ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազան արքեպիսկոպոսի նախագահությամբ և Հ ՊՆ նախախար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Գումարային աջակցությունը ստացավ վերջին խումբը՝ Երևանի Կենտրոն համայնքի 24 ընտանիք: Ողջունելով ներկաներին՝ Տ. Նավասարդ Սրբազանը շնորհակալություն հայտնեց այն բարերարներին, ովքեր աջակցել էին ծրագիրն իրականություն դարձնելու համար և չէին ցանկացել, որ իրենց անունները հայտի լինեն: Խոսելով ծրագրի կարևորության մասին Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Մենք վստահ ենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս ծրագիրը պիտի շարունակական դարձնենք: Քիչ առաջ խորհրդակցում էինք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա առաջարկեց, որ ծրագիրը կարելի է զարգացնել՝ աջակցելով վիրավորված զինվորներին: Կարծում ենք, որ նման շարունականությունը, հիրավի, պիտի օգտակար լինի մեր բանակին: Հաջորդ տարի ևս մեր թեմի երիտասարդներին պիտի օգնենք այս ձեռնարկի իրականացման համար»: ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում բարձր գնահատեց ծրագիրը: Շնորհակալություն հայտնելով Նավասարդ Սրբազան հորը և թեմի երիտասարդներին հայոց բանակին զորավիգ լինելու համար՝ նա հույս հայտնեց, որ նախաձեռնությունը օրինակ կլինի մեր մյուս մարզերի ու համայքների համար:«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել էր դեռ ամիսներ առաջ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ: Հանգանակված գումարը փոխանցվել էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սոցիակալան բաժնի հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այդ պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: Ծրագրի դրամաբաշխությունը սկսվեց հունիսի 28-ին: Օգնությունը տրամադրվեց ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ընդհանուր թվով ծրագրում ներառված էր 302 ընտանիք: Զոհված զինվորների ընտանքիներին տրամադրվեց 350 000-ական, առաջին կարգի հաշմանդամներին՝ 200 000-ական, երեք զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 180 000-ական, իսկ երկու զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 100 000-ական դրամ: