Հուլիսի 21-31-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ Մ. Իզմիրլյանի անվան մանկատան 50 երեխաների համար Սևանում կազմակերպել էին տասնօրյա ճամբար: Հոգևոր ճամբարին միացել էին Սյունյաց թեմի Տաթևի երիտասարդաց միությունը՝ Տ. Միքայել վարդապետ Գևորգյանի և Կանադայի թեմի 14 երիտասարդները Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի գլխավորությամբ: Երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ մասնակցում էին նաև հոգևոր թեմաներով զրույցների: Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամները Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար ամառային ճամբար կազմակերպում են արդեն երրորդ անգամ: Ամեն տարի ճամբարին մասնակցում են շուրջ 50 երեխաներ: Այս մանկատունն ամբողջ տարվա ընթացքում ԱՀԹ տարբեր համայքների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդաց և տիկնանց միությունները քահանաների հետ ամեն շաբաթ այցելում են մանկատան սաներին՝ նրանց համար տանելով անհրաժեշտ պարագաներ՝ հագուստ, սնունդ, խնամքի միջոցներ: