Հայկական գիրը ծնունդ առավ եկեղեցու ծոցից, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի երկարատև ճգնությունների արդյունքում ստեղծվեց հայոց այբուբենը: Այսինքն, դպրությունն ու գիրը ծնունդ առան եկեղեցում և առաջին ուսուցիչը եղավ եկեղեցու վարդապետ Ս. Մեսրոպ Մաշտոցը:
Նախկինում դպրոցները՝ վարժարանները հովանավորվում էին եկեղեցու կողմից, և կրթությունն ամբողջությամբ եկեղեցու վերահսկողության տակ էր: Մեր նախնիները գիտակցել են, որ գիտելիք ձեռք բերելու ձգտմանը զուգահեռ, ապագա սերնդին պետք է տալ հոգևոր դաստիարակություն: Հոգևոր դաստիարակությունը նպաստում է մարդու բարոյական կերպարի ու պատասխանատվության զգացման ձևավորմանը, որը կարևոր նախապայման է ձեռքբերումների ու առաջընթացի, այդ թվում և՝ գիտելիք ձեռք բերելու հարցում:
Միշտ չէ, որ գիտելիքը նպաստում է մարդու բարոյական կերպարի ձևավորմանը, սակայն բարոյականությունն օգնում է մարդուն` ձեռք բերված գիտելիքը կիրառել հօգուտ իրեն և հասարակության:
Խորհրդային տարիներին եկեղեցին բաժանվեց դպրոցից, ու կրթությունը դարձավ աշխարհիկ: Սակայն ի տարբերություն այդ ժամանակաշրջանի, այսօր հոգևորականն ազատ մուտք ունի դպրոց՝ քրիստոնեական դաստիարակության և հոգևոր գիտելիքների բարձրացմանն ի նպաստ աշակերտների ու ուսուցիչների հետ հոգեւոր զրույց անցկացնելու նպատակով:
Այս ամենը հստակ գիտակցում են նաև Արարատյան Հայրապետական թեմի քահանաները և թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացնում են մի շարք ծրագրեր դպրոցներում հոգևոր կրթություն իրականացնելու ուղղությամբ։
Թեմի քահանաները այցելում են դպրոցներ և հոգևոր զրույցներ վարում թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների հետ։
Հոկտեմբերի 25-ին ԱՀԹ Մխչյանի Ս․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Միքայել քահանա Նուրիջանյանը հերթական այցելությունը կատարեց Գետազատի և Արաքսավանի միջնակարգ դպրոցներ։
Երկարատև դասընթաց է իրականացվում նաև ԱՀԹ Բյուրավանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի կողմից Բյուրավանում, Բարձրաշենում և դրանց հարակից գյուղերում։ «Արարչագործություն և երկրաբանություն» թեմայով հերթական դասընթաց-հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Բարձրաշենի միջնակարգ դպրոցում։
Հովվական այցելություններ են իրականացնում նաև Արգավանդի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննսիյանը, Ներքին Դվինի Ս․ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Դավիթ քահանա Կյուրեղյանը և թեմի այլ քահանաներ։
Այս տեսակ այցելություններից զատ քրիստոնեական դաստիարակության գործում էական դեր են խաղում կիրակնօրյա դպրոցները և քրիստոնեական դաստիարակչական կենտրոնները, ինչպես նաև եկեղեցիներին կից տարատեսակ խմբակները։
Արարատյան Հայրապտական թեմի տեղեկատվական բաժին