«Մենք մեր զինվորի կողքին ենք» «Քաջարի զինվոր, երբ խրամատներում քեզ այցելի դավադիր նինջը, հիշիր, որ փոքրիկ մի աղջիկ իր անվտանգությունը հարյուր տոսկոսով վստահել է քեզ»: Զինվորին ուղղված այս տողերը գրված են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի 8-ամյա սաներից մեկի նամակում: Մանկատան սաների նամակները զինվորներին փոխանցելու նախաձեռնությունը Արարատյան Հայրապեական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամներինն է: Նրանք ունեն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Նախաձեռնությանը միացել են «Հայկական լեգեոն» ՀԿ-ի անդամները: Նրանք «Զատիկ» կենտրոնի սաների նամակներն արդեն փոխանցել են ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինվորներին: Զինվորներին են նվիրել նաև Քանաքեռ –Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաների նկարները: -Նամակները բավական ազդեցիկ են ու մեծ հուզմունք առաջացրին զինվորների մոտ: Ծրագիրը շարունակական է լինելու. պիտի այցելենք մանկատներ ու երեխաների խնամքի կենտրոններ, հավաքենք նրանց մաղթանքները, քաջալերանքի խոսքերը և փոխանցենք դրանք մեր զինվորներին,- պատմեց «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Մարիա Բաղդասարյանը: Այս նախաձեռնությունը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շարունակությունն է: 50 մլն դրամ գումարը զինվորների ընտանքիներին տրամադրելուց հետո ԱՀԹ երիտասարդները հիմա էլ այս կերպ են իրենց ուշադրությունն ու հոգատարությունը փոխանցում զինվորներին: Մարիա Բաղդասարյանի խոսքով այս նախաձեռնությունն իրականացնելու համար դիմել են ՀՀ պաշտպանության նախարարությանը, որտեղից էլ իրենց առաջարկել են համագործակցել «Հայկական լեգեոն» ՀԿ-ի հետ: Հետագայում նրանց կմիանան այլ ՀԿ-ներ ևս, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են նաև ՀՀ ՊՆ-ի հետ: