Ռուսատանաբնակ հայ գործարար Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ օգոստոսի 2-ին 12 հոգանոց հայերի խումբը մեկնեց Արևմտյան Հայաստան՝ ուխտով Արարատ լեռան գագաթը բարձրանալու: Խմբում կային հայեր Հայաստանից, Ռուսաստանից, Արգենտինայից, Վրաստանից՝ Ջավախքից, և Հյուսիսային Կովկասից: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ խմբին էր միացել նաև ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր արժանապատիվ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը: Օգոստոսի 7-ին՝ վաղ առավոտյան, Տ. Շմավոնը սուրբ լեռան գագաթին հոգեհանգստյան կարգ կատարեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը Արարատի բարձունքից ծիրանափող հնչեցրեց ի պանծացումն հայոց բոլոր նահատակների: Ուխտավորների խումբը այցելության ընթացքում եղավ Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Կարս, Վան, Բայազետ, Արդահան: Ուխտի ավարտը տեղի ունեցավ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում, որտեղ տեր հայրը պահպանիչ աղոթք կարդաց ու իր մաղթանքը հղեց հայրենասեր հայորդիներին. «Յուրաքանչյուրս վերադառնում ենք մեր հայրենի տունը՝ մեր սրտերում և մեր հոգիներում տանելով բաղձալի Մասիս սարի օրհնություններն ու Արևմտյան Հայաստանի կարոտաբույր շունչը: Բոլորս հպարտությամբ ենք հիշելու այս օրերը, թե ինչպես Աստծո կամոք աղոթք հնչեցրինք բոլոր հայերի համար մեր նվիրական Արարատի գագաթին, ինչպես քայլեցինք մեզ համար մշտապես կարոտալի հայրենի հողերով, ինչպես ափսոսանքի ու թախծի արցունցք թափեցինք մեր բոլոր կորուստների համար: Սակայն և վստահությամբ պիտի լցվենք, որ հայոց արդար դատը բերելու է հատուցման պահը և հայերի համար վերանալու է անարդարույթյան զգացումը»: