ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ «ԻԲՐԵՒ ՇՈՒՇԱՆ Ի ՄԷՋ ՓՇՈՑ, ԱՅՆՊԷՍ ՄԵՐՁԱՒՈՐԴ ԻՄ Ի ՄԷՋ ԴՍՏԵՐԱՑ» («ԻՆՉՊԷՍ ՇՈՒՇԱՆՆ Է ՓՇԵՐԻ ՄԷՋ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԻՄ ՍԻՐԵԼԻՆ Է ԴՈՒՍՏՐԵՐԻ ՄԷՋ»): Երգ երգոց Բ 2 Հաստատուն իրողություն, պարզ, հմայող, անգին ու անսահման գերող: Շուշան ծաղիկ, ով իր քնքուշ գոյությամբ, ցանկալի ներկայությամբ սփոփում և մխիթարում է ամենքին: Այսօր Աստվածածնի տոնն է, Աստվածածին, ով իր մեջ առավ աստվածության անշեջ հուրը՝ դառնալով մի նոր անկեզ մորենի: Վերափոխման տոնն է այսօր, Աստվածամոր վերափոխման հիշատակի տոնը, որի հիմքում ընկած է հետևյալ նվիրական ավանդությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից 15 տարի անց մահանում է Սուրբ Մարիամը: Նրան ամփոփում են Գեթսեմանիում, որտեղ երեք օր անընդմեջ հնչում են հրեշտակների օրհնության և փառաբանության մեղեդիների հնչյունները: Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի լինում կույսի հուղարկավորությանը և Երուսաղեմ է գալիս ուշացումով: Նա խնդրում է բացել սրբուհու գերեզմանը՝ վերջին հրաժեշտը տալու համար: Երբ բացում են Տիրամոր գերեզմանը, նրա մարմինն այնտեղ չեն գտնում: Հիսուս, Իր խոստման համաձայն, վերափոխել էր մորը և, որպես երկնային արքայության ընտրյալ, փոխադրել երկինք: Սուրբ Տիրամայր: Ո՞ւմ հայտնի չէ այս անունը: Սուրբ Մարիամ: Ո՞վ իր աղոթաձայն մրմունջներում չի հիշում նրան և օգնություն հայցում նրանից: Բերկրյալ կույս, ով հավիտենական միջնորդ ու բարեխոս է երկնի ու երկնքի, մեր և իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջև: «Ցավազերծո՜ղդ երկունքն Եվայի, Խնդրի՛ր, աղաչի՛ր ու բարեխոսի՛ր… Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածի՛ս, գովյա՜լդ կանանց մեջ, Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստծո. Հոգածու եղի՛ր թշվառիս հանդեպ, խորան Բարձրյալի. Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար….Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր. Թող փրկությունս ցույց տրվի քեզնով, Եվ թող պատիվը ինձնով բարձրանա» («Մատյան ողբերգության», Բան Ձ): Սիրելինե՛ր, Աստվածամոր նկատմամբ պաշտամունք ունեցող մեր ժողովուրդը բազմաթիվ աղոթատեղիներ է կառուցել նրա անունով՝ Զորավոր Աստվածածին, Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր Աստվածածին, սրտառուչ պատմություններ հյուսել նրա գեղեցկության, մաքրության ու վեհության մասին: Մշտանորոգ պահելով Աստվածամոր նվիրական հիշատակը՝ մեր դուստրերին «Մարիամ» ենք կոչում՝ ակնկալելով Տիրամոր և նրա պահապան հրեշտակների հովանին նրանց գլխավերևում: Մեր ժողովրդական բնորոշումներում առանձնահատուկ ու եզակի է նա. մարդ-հրեշտակ, մարմնատեսիլ անբիծ սերովբե, երկնքի թագուհի, առատախոստում երանության վայր, շնչավոր եդեմ, կենաց անմահության ծառ, երկնքի դուռ, Աստծո էջք, խաղաղության միջնորդ, համապայծառ ծաղիկ, երկնային տաճար… Բազմաբղետ և իմաստալից այս բառերում խտացված է բոլորիս սերն իսկուհի Կույսի հանդեպ, ով ամենաբարձրն է բոլոր սրբերից ու հրեշտակներից: Այսօր մեր եկեղեցին սքանչելի մի ավանդություն ունի. Սուրբ Աստվածածնի տոնի առթիվ մեծաշուք հանդիսությամբ կատարվում է խաղողի օրհնություն: Խաղողը՝ ընտրագույնը Հայաստանի բոլոր պտուղներից, արժանանում է Աստծո օրհնությանը: Այս պտղից է, որ առաջանում է գինին, ինչն էլ Սուրբ Խորանի վրա վերածվում է Քրիստոսի Արյան կենսատու ներգործությանը, որը կերպարանափոխում է մեր կյանքը: Մեր առջև ճշմարիտ որթի խորհուրդն է, որ օրհնվելուց հետո պիտի ճաշակենք ամենքս՝ նոր շունչ ու ոգի հաղորդելով քրիստոսատուր մեր հավատքին: «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: …Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Հովհաննես ԺԵ 1,7): Որպես երկնքի թագուհի և Սուրբ Երրորդության հարս, խնդրենք մեր Սուրբ Տիրամոր բարեխոսությունը: Թող նա սիրով և անսահման գութով պարուրի ամենքիս սրտերը և շնորհի խաղաղ ու հավատավոր կյանք՝ ի փրկություն մեր հոգիների: Ամեն:
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ