Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հընթացս Ս. Պատարագի թեմի բոլոր եկեղեցիներում ընթերցվեց Տ. Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը, ուր մասնավորապես ասվում է. «Սուրբ Տիրամայր: Ո՞ւմ հայտնի չէ այս անունը: Սուրբ Մարիամ: Ո՞վ իր աղոթաձայն մրմունջներում չի հիշում նրան և օգնություն հայցում նրանից: Բերկրյալ կույս, ով հավիտենական միջնորդ ու բարեխոս է երկնի ու երկնքի, մեր և իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջև: «Ցավազերծո՜ղդ երկունքն Եվայի, Խնդրի՛ր, աղաչի՛ր ու բարեխոսի՛ր… Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածի՛ս, գովյա՜լդ կանանց մեջ, Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստծո. Հոգածու եղի՛ր թշվառիս հանդեպ, խորան Բարձրյալի. Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար….Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր. Թող փրկությունս ցույց տրվի քեզնով, Եվ թող պատիվը ինձնով բարձրանա» («Մատյան ողբերգության», Բան Ձ): Մեր ժողովրդական բնորոշումներում առանձնահատուկ ու եզակի է նա. մարդ-հրեշտակ, մարմնատեսիլ անբիծ սերովբե, երկնքի թագուհի, առատախոստում երանության վայր, շնչավոր եդեմ, կենաց անմահության ծառ, երկնքի դուռ, Աստծո էջք, խաղաղության միջնորդ, համապայծառ ծաղիկ, երկնային տաճար… Բազմաբղետ և իմաստալից այս բառերում խտացված է բոլորիս սերն իսկուհի Կույսի հանդեպ, ով ամենաբարձրն է բոլոր սրբերից ու հրեշտակներից: Այսօր մեր եկեղեցին սքանչելի մի ավանդություն ունի. Սուրբ Աստվածածնի տոնի առթիվ մեծաշուք հանդիսությամբ կատարվում է խաղողի օրհնություն: Խաղողը՝ ընտրագույնը Հայաստանի բոլոր պտուղներից, արժանանում է Աստծո օրհնությանը: Այս պտղից է, որ առաջանում է գինին, ինչն էլ Սուրբ Խորանի վրա վերածվում է Քրիստոսի Արյան կենսատու ներգործությանը, որը կերպարանափոխում է մեր կյանքը: Մեր առջև ճշմարիտ որթի խորհուրդն է, որ օրհնվելուց հետո պիտի ճաշակենք ամենքս՝ նոր շունչ ու ոգի հաղորդելով քրիստոսատուր մեր հավատքին: «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: …Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Հովհաննես ԺԵ 1,7): Որպես երկնքի թագուհի և Սուրբ Երրորդության հարս, խնդրենք մեր Սուրբ Տիրամոր բարեխոսությունը: Թող նա սիրով և անսահման գութով պարուրի ամենքիս սրտերը և շնորհի խաղաղ ու հավատավոր կյանք՝ ի փրկություն մեր հոգիների: Ամեն:»: Ս. Պատարագի ավարտին Սրբազան հոր ձեռամբ կատարվեց խաղողի օրհնության կարգ, որից հետո խաղողը բաշխվեց հավատավոր ժողովրդին: