Շնորհավորական ուղերձ

Շնորհավորական ուղերձ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը «Բարի ուսուցիչները վեհ դասեր ունեն… Եթե անձդ բազում անձնվիրություններով զարդարված մարդու վստահես, ապա նրա ունեցած բարիքները կժառանգես…»: Բարսեղ ՄեծՎեհափա՛ռ Տեր,Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:Աստվածային նախախնամությամբ և Ազգի կամոք Ձեզ բաժին ընկավ Հայոց ազգին կատարելության ճամփաներով ուղղորդելու և փրկակար հավատքնանսասան պահելու առաքելությունը: Որպես առաքելահաստատ եկեղեցու «վեհ դասեր»-ի քարոզիչ՝ Ձեր անանձնական նվիրումով և եկեղեցասիրությամբ եղաք հայ ժողովրդի ողջախոհ և իմաստուն առաջնորդը՝ ապահովելով նրա անխափան երթը դեպի աստվածային Ճշմարտություն և Լույս, դեպի երանավետ նավահանգիստ: Ձեր գահակալության տարիներին վեր հառնեցին խոնարհված տաճարներ ու մատուռներ, Աստծո նորանոր տներ կառուցվեցին թե՛ հայրենի ոստանում և թե՛ հայորդիների հավատքով զորեղացած հոգիներում:Սիրելի՛ Վեհափառ, Ձեր անձը ձուլված է մեր երկրին, Դուք անձնավորում և ներկայացնում եք հայ ժողովրդին, ով իր հոգու քաղցը փարատելու և «բարի պատերազմը» մղելու համար գիտի, թե. «Ոչ բոլորին պետք է հարցնել, այլ միայն նրան, ում ուրիշների ղեկավարությունը ևս վստահված է, ով փայլում է կյանքով և, Սուրբ Գրոց համաձայն, ինքն աղքատ լինելով՝ հարստացնում է շատերին (Բ Կորնթ. Զ 10), ով աստվածային դատողություն ունի (Ա Կորնթ. ԺԲ 10) և, հատկապես, խոսքի սրով, լավը վատից տարբերակող հոգևոր դատողություն… Չէ՞ որ և՛ գործերով, և՛ խոսքերով, և՛ մտորումներով անմոլոր ղեկավար գտնելու համար քիչ ջանք չի պահանջվում» (Գ. Սինայեցի):Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Երկար տարիների կյանք պարգևի Հայոց Հայրապետին, խաղաղ և բազմաբեղուն գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և ի բարօրություն Հայկազյան տոհմի:

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ և Սուրբ Աջույն՝ Տ.ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2014-08-21
×