Թարգմանվել է «Ապաքինման այբուբեն» գրքույկը

Թարգմանվել է «Ապաքինման այբուբեն» գրքույկը

Օրերս ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ թարգմանաբար հրատարակվել է Եկատերինա Սավինայի «Ապաքինման այբուբեն» գրքույկը: Գարիկ Գևորգյանի մեկենասությամբ հրատարկված գրքույկը ռուսերենից թարգմանել է ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը:
Նշենք, որ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը գործում է 2011 թվականից՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Կենտրոնի գլխավոր նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը, նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը:


Սույն գրքույկն, ըստ Էմիլիա Ապիցարյանի, մի յուրօրինակ ձեռնարկ-օգնություն է թմրամոլների և ալկոհոլամոլների մայրերին ու կանանց՝ մարդկանց, ովքեր ամենասերտ շփման մեջ են կախվածություն ունեցողների հետ և անմիջապես իրենց մաշկի վրա են զգում այդ մոլությունների սարսափելի հետևանքները: Թարգմանչի խոսքով` 20-21-րդ դարերի չարիք համարվող ալկոհոլամոլությունն ու թմրամոլությունը, անցնելով նեղ անձնական սահմանները, իրենց բացասական ազդեցությունն են սփռում ընտանիքի, հասարակության վրա և այս խնդիրների առկայության դեպքում օգնության կարիք են զգում ոչ միայն իրենք՝ կախվածություն ունեցողները, այլև նրանց ընտանիքի անդամները:


«Ապաքինման այբուբեն»-ի հեղինակը՝ Եկատերինա Սավինան, նշում է, որ կախվածության թակարդն ընկած թմրամոլը կամ ակոհոլամոլն այլևս իր կյանքը չի կառավարում, քանի որ նյութի հանդեպ ձգողությունն է կառավարում նրան: Եվ եթե օգնության ձեռք չմեկնենք, ապա այն կսպանի նրան՝ նախապես տանջելով թե՛ նրան և թե՛ նրա ընտանիքին, իսկ ճիշտ օգնության դեպքում նա կապրի երկար և երջանիկ:


Այդ պատճառով հեղինակը սկզբնական շրջանում ավելի հրատապ է համարում լուծել ոչ թե «Ո՞վ է մեղավոր» հարցը, այլ՝ «Ի՞նչ անել»-ը: Եվ թմրամոլին կամ ակոհոլամոլին օգնելու համար, նա նրանց հարազատներին երեք վճռական գործողություն է առաջարկում: Առաջինի դեպքում նա կարևորում է սահմաններ դնելը, այսինքն՝ դադարեցնել թմրամոլին կամ ալկոհոլամոլին օգնել գործածել: Երկրորդ դեպքում առաջարկում է ազնիվ հայելի լինել, այսինքն՝ անդրադարձնել նրան իր կյանքի բոլոր իրադարձությունները՝ թույլ չտալով ժխտել իր անզորությունն ու անկառավարելիությունը: Իսկ երրորդ դեպքում կարևորում է պահպանել շփումը թմրամոլի կամ ալկոհոլամոլի հետ, իսկ շփման խզման դեպքում ջանք թափել այն վերականգնելու համար, քանի որ անհրաժեշտ է կախվածության հրեշի տակ կարողանալ տեսնել որդուն, դստերը, կնոջը և թույլ չտալ, որ կախվածությունը խաբի մեզ:


Ըստ «Ապաքինման այբուբեն»-ի՝ վճռական այս գործողությունների դրական արդյունքներն ավելի ակնառու կլինեն, եթե ընտանիքն այս առումով համաձայնեցված գործի և զուգահեռաբար օգնություն և աջակցություն ստանա Ալ-Անոնի և Նար-Անոնի օգնության խմբերից, ընկերներից, եկեղեցուց և աշխատանքային միջավայրից: Եվ քանի որ ընտանիքում թմրանյութերն ու ալկոհոլը կարող են բռնության հանգեցնել, ապա ընտանիքը պետք է ունենա նաև գործողությունների ծրագիր՝ ընդդեմ բռնության:


Գրքից բխող կարևոր խորհուրդն այն է, որ թմրամոլին կամ ալկոհոլամոլին անհրաժեշտ է «բաց թողնել», այսինքն՝ դադարել ցավագին կերպով նրա կյանքը վերահսկել, դադարել անիմաստ տառապել՝ թույլ տալով, որ կախվածություն ունեցողն ինքնուրույն ապաքինվի, որն էլ այդ ժամանակ նրան սովորաբար հաջողվում է: «Բաց թողնել»՝ չի նշանակում դադարել սիրել կախվածություն ունեցողին: Հարազատը կախվածություն ունեցողի հանդեպ իր սերը կարող է պահպանել դարավոր ստուգված միջոցներով՝ վաղուց հայտնի ճշմարտությամբ՝ աղոթքով. «Մայրական աղոթքը ծովի հատակից էլ կբարձրացնի», փոքր բարի գործերով:
Բացի այդ Եկատերինա Սավինան մատնանշում է, որ նախքան կախվածություն ունեցողին օգնելը հարազատը նախ ինքը պետք է «մաքրվի» և գոնե մասնակիորեն դառնա այն մարդը, ինչպիսին պետք է լինի: Հեղինակը դա բնական է համարում. չէ՞ որ ընտանիքն ամբողջական օրգանիզմ է, և ընտանիքի որոշ անդամների ապաքինումը նպաստում է մյուսների ապաքինմանը:


«Հաճախ մտերիմի ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարում մենք այնքան ենք տարվում նրա ապաքինման ձգտումով, որ մեր տեսադաշտից կորցնում ենք մարդուն, դադարում ենք ընդունել նրան որպես անհատականություն: Կորցնելով մտերիմի անհատակությունը տեսնելու ունակությունը՝ կորցնում ենք նաև նրա հետ կապը, իսկ դրա հետ նաև՝ նրան օգնելու հնարավորությունը», - ասում է հեղինակը:


Գրքույկն ավարտվում է թմրամոլի կամ ալկոհոլամոլի ապաքինումն ապահովող երեք փուլերի նկարագրությամբ՝ ցանկացած տեսակի թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումից հրաժարում, վերականգնողական բուժում և վերասոցիալականացում: Վերականգնողական բուժման մեջ որպես ապաքինման գլխավոր ծրագիր գործածվում է «Տասներկու քայլ» ծրագիրը:


«Ապաքինման այբուբեն»-ը եզրակացնում է, որ կարիք չկա ապաքինվող թմրամոլին կամ ալկոհոլամոլին «հետևել» և անհանգստանալ նրա համար: Փորձելով իրավիճակը կառավարել, անհանգստանալով ու դես ու դեն ընկնելով, հոգ տանելով մտերիմի անվտանգության ու բարօրության մասին՝ նրան թույլ չենք տալիս սեփական ոտքերի վրա կանգնել: Յուրաքանչյուրը տարբեր կերպ է սովորում սթափ ապրել, և դա սովորաբար ժամանակ է պահանջում: Ընտանիքը թմրամոլի կամ ալկոհոլամոլի ապաքինմանն օժանդակող մի զորավոր ուժ է, պայմանով, որ այդ ուժը ճիշտ ուղղությամբ է գործում: Բացի այդ, բազմաթիվ մայրեր և հայրեր ինչ-որ նոր բան են գտել իրենց համար այդ ճանապարհին: Սերն աճում է փորձությունների ընթացքում և դժվարին ժամանակներն աճելու հնարավորություն են տալիս ոչ միայն կախվածություն ունեցող մարդուն, այլև ընտանիքի մյուս անդամներին:


Ալկոհոլիզմի և թմրամոլության մեջ ընկածների հարազատներն ու ընկերները կարող են «Ապաքինման այբուբեն» գրքույկն անվճար ձեռք բերել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց:

Կարինե Սուգիկյան

  • 2016-10-27
×