Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը, Հովհաննես սարկավագ Ներսեսյանի և թեմի մի խումբ երիտասարդների հետ այցելեց «Բազե» համահայկական ճամբար: Այս տարի ճամբարին որպես հյուր մասնակցում են նաև ԱՀԹ երիտասարդաց միությունների մի խումբ երիտասարդներ: Տեր հայրը հանդիպեց ճամբարի մասնակցներին, խոսեց հոգևոր և ազգային խնդիրների, անելիքների մասին, անդրադարձավ երիտասարդների հասարակական և եկեղեցական գործունեության մեջ ակտիվ մասնակցության կարևորությանը, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին թեմական մի շարք միջոցառումների մասին պատմող ֆիլմեր: Երիտասարդները միասին հայրենասիրական երգեր կատարեցին: Հանդիպման ավարտին Տ. Պետրոսն օրհնեց երիտասարդներին՝ կոչ անելով հավատարիմ մնալ երեք սրբություններին ՝հայոց ազգին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և հայկական պետությանը: