ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի խոսքը՝ Արաքսավանի եկեղեցու հիմնարկեքի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի խոսքը՝ Արաքսավանի եկեղեցու հիմնարկեքի առթիվ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի խոսքը՝ Արաքսավանի եկեղեցու հիմնարկեքի առթիվ

Սիրելի՛ արաքսավանցիներ, Հայրապետական օրհնություններն ենք բերել ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի բարեբաստիկ առիթով:  Այսօր եկեղեցասեր զավակ Արարատ Սայադյանի  անշահ ջանքերի և բարերարության  շնորհիվ   Արաքսավանի օրհնաբեր հողի վրա կառուցվում է Աստծո և մեր հավատքի տունը,  որն ամենքիս առաջնորդելու է «ի խաւարէ ի լոյս, յապականութենէ յանապականութիւն, յանգիտութենէ ի գիտութիւն ճշմարտութեան»: Սիրելի՛ արաքսավանցիներ, մեր կյանքը պիտի լինի Աստծո կամքին համաձայն ապրված մի կյանք: Մեր սիրելի բարերարն իր բաժինը բերեց, որպեսզի դուք եկեղեցի ունենաք:  Դուք էլ անմասն չպիտի մնաք այս աստվածահաճո առաքելության մեջ: Ձեր եկեղեցասիրությամբ, տևական ներկայությամբ, անդադար աղոթքներով հարատև պիտի  դարձնեք  այս եկեղեցին, որպեսզի այն դառնա ձեր հոգևոր կյանքի սնուցիչ աղոթատունը, ամենքիդ զորացման, երեխաների դաստիարակության և ազգայինի պատկանելության դպրոցը: «Եկեղեցաշինությունը իրական հայրենաշինություն է, որովհետև եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հոգևոր ու բարոյական արժեքների գանձարան է, իսկ առանց հոգևոր և բարոյական արժեքների անկայուն ու անապագա է ցանկացած հասարակություն և պետություն» (Գարեգին Բ Հայրապետ): Եկե՛ք աղոթական հոգով միասնաբար խնդրենք մեր Բարեսեր Աստծուն, որ Իր Աջի ներքո անխռով պահի մեր հայրենին,  զորավիգ  լինի եկեղեցու կառուցմանը և արժանացնի այն  օրհնյալ պահին, երբ պիտի լսենք զանգերի ղողանջն ու հավատի և սիրո ուժով կերպարանափոխված՝  ներս մտնենք՝ լսելու   Տիրոջ սիրառատ, կանչող ձայնն  ու երանավետ խոստումը. «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ  ձեզ արքայությունը» (Ղուկաս ԺԲ 3): Ամեն:  

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ    

  • 2014-08-25
×