Արաքսավանում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արաքսավանում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն

Արաքսավանում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն

 Այսօր ՝օգոստոսի 23-ին,  Արարատյան Հայրապետական թեմի Արաքսավան համայնքում Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին եկեղեցու 16 հիմնաքարերը:  Սրբազան հորն ուղեկցում էին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը, Ուկրաինայի թեմի Դոնեցկ և Լուգանսկ մարզերի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանը, ԱՀԹ Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը, Արմավիրի թեմի առաջնորդի օգնական Ավետիս սարկավագ Ժամկոչյանը:   Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, եկեղեցու բարերար Արարատ Սայադյանը, համայնքների ղեկավարներ, գյուղի բնակիչներ, հյուրեր:    Հիմնարկեքի արարողության ավարտին Տ. Սիոն Սրբազանն ընթերցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ուղերձն, ուր մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արաքսավանցիներ, Հայրապետական օրհնություններն ենք բերել ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի բարեբաստիկ առիթով:  Այսօր եկեղեցասեր զավակ Արարատ Սայադյանի  անշահ ջանքերի և բարերարության  շնորհիվ   Արաքսավանի օրհնաբեր հողի վրա կառուցվում է Աստծո և մեր հավատքի տունը,  որն ամենքիս առաջնորդելու է «ի խաւարէ ի լոյս, յապականութենէ  յանապականութիւն, յանգիտութենէ ի գիտութիւն ճշմարտութեան»: Սիրելի՛ արաքսավանցիներ, մեր կյանքը պիտի լինի Աստծո կամքին համաձայն ապրված մի կյանք: Մեր սիրելի բարերարն իր բաժինը բերեց, որպեսզի դուք եկեղեցի ունենաք:  Դուք էլ անմասն չպիտի մնաք այս աստվածահաճո առաքելության մեջ: Ձեր եկեղեցասիրությամբ, տևական ներկայությամբ, անդադար աղոթքներով հարատև պիտի  դարձնեք  այս եկեղեցին, որպեսզի այն դառնա ձեր հոգևոր կյանքի սնուցիչ աղոթատունը, ամենքիդ զորացման, երեխաների դաստիարակության և ազգայինի պատկանելության դպրոցը: «Եկեղեցաշինությունը իրական հայրենաշինություն է, որովհետև եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հոգևոր ու բարոյական արժեքների գանձարան է, իսկ առանց հոգևոր և բարոյական արժեքների անկայուն ու անապագա է ցանկացած հասարակություն և պետություն» (Գարեգին Բ Հայրապետ): Եկե՛ք աղոթական հոգով միասնաբար խնդրենք մեր Բարեսեր Աստծուն, որ Իր Աջի ներքո անխռով պահի մեր հայրենին, զորավիգ լինի եկեղեցու կառուցմանը և արժանացնի այն  օրհնյալ պահին, երբ պիտի լսենք զանգերի ղողանջն ու հավատի և սիրո ուժով կերպարանափոխված՝ ներս մտնենք՝ լսելու Տիրոջ սիրառատ, կանչող ձայնն  ու երանավետ խոստումը. «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ  ձեզ արքայությունը» (Ղուկաս ԺԲ 3): Ամեն»: Արաքսավան գյուղը եկեղեցի չի ունեցել: Շուտով ծնունդով արաքսավանցի, մոսկվաբնակ Արարատ Սայադյանի բարերարությամբ այստեղ վեր կխոյանա կենտրոնագմբեթ եկեղեցին:    Այսօր Տ. Սիոն Սրբազանի ձեռամբ օծվեց նաև ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու զանգը: Այն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի և հավատացյալների ջանքերով ձեռք է բերվել Ռուսաստանից: 

  • 2014-08-25
×