Խաղաղության, միաս­նության և համերաշխության երթ

Խաղաղության, միաս­նության և համերաշխության երթ

Սեպտեմբերի 2-ին Արարատյան Հայրապետական թեմում տեղի ունեցավ «Խաղաղության, միաս­նության և համերաշխության» երթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղության և համերաշ­խության գաղափարի շուրջ համա­խմբելու նպատակով: «Երիտասարդություն» ՀԿ-ի նախաձեռնած երթն անցկացվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր պատասխանատվության ներքո և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, Մաշտոցի պողոտայով ընթացավ մինչև Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Այստեղ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ մատուցվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների և Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղակաների կողմից սպանված խաղաղ ժողովրդի: Արարողության ավարտին Սրբազան հայրը քարոզ խոսեց, ուր մասնավորապես ասվում էր. «Սիրելի՛ զավակներ  Հայոց Սուրբ Եկեղեցու, Անսահման հուզականությամբ, ցնծության և բերկրանքի ալեկոծումներով է համակված մեր հոգին:  Այսօրվա երթը խոսուն է և առավել քան վարակիչ, քանզի այն ոչ միայն խաղաղության, միասնության և համերաշխության ոգեկոչումն է, այլև  հայի հզոր ոգու,  անկոտրում հավատքի և քրիստոնեական սիրո խոսուն վկան է ու առաջմղիչ ուժը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ անոթ է. նրա շնորհիվ  է սերունդներին փոխանցվում  Քրիստոսի սիրո և հայրենասիրության քարոզչությունը և մեր հայրերի սրբազան ավանդությամբ շաղախված լուսավորչահաստատ հավատքը: Հայի եկեղեցին տևապես և անվարան կանգնած է իր ժողովրդի կողքին՝ կիսելով ոչ միայն  իր ազգի, այլև  յուրայինների ցավը: Դրա վկայությունն են Վեհափառ Հայրապետի կողմից համայն եզդիների առաջնորդին ուղղված զորակցության գիրը, և ավելի վաղ գրված նամակը՝  Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, ուր դատապարտվում է մարդկային կյանքի հանդեպ իրականացվող ամեն տեսակի բռնություն.  «…հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց թանկ ձեռքբերված խաղաղության համար: …զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը՝  սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են»: Սիրելինե՛ր, հայոց քաջազուն զավակները բոլոր ժամանակներում էլ աչքի են ընկել իրենց անձնազոհությամբ և նվիրումով, մինչև վերջ պայքարելու և հաղթության պսակն առնելու համառությամբ: Վստահաբար գիտենք, որ մեր  ուժը,  միասնության և արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը  հայության ամբողջական և միասնական ինքնաարտահայտության մեջ է:  Հայի պայքարն արդար է և օրհնյալ, ուստի «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր և մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայությունից, քանի որ քո Տեր Աստվածն ինքը պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ: Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ» (Բ Մնացորդաց 31:6): Այսօր մենք հավաքվել ենք նաև սուրբ առաքելությամբ: Հավաքվել ենք՝ աղոթելու  մեր սիրելի եղբայրների և զավակների հոգիների համար, ում նահատակության շնորհիվ խաղաղ  է մեր Հայրենին: Նրանց համար մահն անմահության սկիզբը եղավ… Մենք  հավաքվել ենք այստեղ՝ աղոթելու նաև Իրաքի եզդի ազգաբնակչության բազմաթիվ զոհերի հոգիների հանգստության համար:  Թող Աստված օրհնի մեր ջանքերն ու լսի մեր մրմունջ-աղոթքներն ի Տեր ուղղված. «Ո՛վ Հիսուս, Դու ես մեզ սովորեցրել, թե «հոգի առաւել է, քան զմարմին», թե ճշմարտության, բարու, հավատքի սիրո և Հայրենիքի համար արժե արյուն հեղել և կյանք տալ, որպեսզի ապրեն Եկեղեցին ու Ազգը, Կրոնն ու Հայրենիքը, Լեզուն և Գիրը… Ո՜վ ողորմած Աստված, անսահման ողորմությամբ հիշիր  նորոգ ննջած քաջազուն որդիներին Հայոց: Հիշիր ի Քրիստոս  ննջած ամեն մի ադամորդու և Քո Աջակողմյան դասին արժանի արա: Թող Քո Ամենատես Աչքն ու Ամենազոր Աջը հովանի և պահապան լինեն մեր ժողովրդին ի Մայր Հայաստան,  ի Արցախ և ի սփյուռս աշխարհի: Ամեն» Արցախի անկախության տոնի օրը կազմակերպված երթը նպատակ ուներ ևս մեկ անգամ ցույց տալ, որ հայ ազգը համախմբված է արտաքին և ներքին մարտահրավերների առաջ, պատրաս­տակամ է միավորվել և միացյալ ուժերով պաշտպա­նել Հայաստանի Հանրապետու­թյան ու Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության տարած­քային անձեռնմխելիու­թյունը և հայ ազգի խաղաղ ու արժանա­պատիվ գոյությունը պատմական տարածքներում: Հոգեհանգստյան արարողության ավարտին ԱՀԹ Առաջնորդարանի բակում «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը հավաքված երիտասարդներին ներկայացրեց սգո պարերի շարքին դասվող Գորանի պարի խորհուրդն ու պատմությունը, բացատեց ու սովորեցրեց պարը: Միասնական պարը խաղաղության երթի լավագույն  ամփոփումը եղավ:

  • 2014-09-03
×