Ս. Գևորգի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Գևորգի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նշում է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում նրա անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում կա սրբի անունը կրող չորս եկեղեցի՝ Նորագավիթում, Մասիսիում, Մարմարաշենում և Կանաչուտում:


Ն. Ս. Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ առաջին անգամ ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի բերվեց սրբի աջը: Ս. Պատարագի ընթացքում այն դրված էր Ս. Խորանի վրա: Պատարագիչը Տ. Մյուռոն ավագ քահանա Ադամյանն էր: Ս. Պատարագի ընթացքում Տեր հայրն ընթերցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի շնորհավորական ուղերձը, ուր մասնավորապես ասվում է. 

 

«Սիրելինե՛ր, զորեղ և ոգևորիչ են սուրբ Զորավարի հավատքն ու քրիստոսասիրությունը: Իր քրիստոնեական օրինակելի վարքով նա օգնում է մեզ ամուր մնալ հավատքո՛վ, չերկնչել փորձություններից և տոկալ ցավեցնող հարվածներին: Հորդորում է խրոխտաբար մղել «բարի պատերազմը»՝ ի շահ մեր և յուրայինների հոգիների փրկության և աստվածփառաբանության: Արժանի է հիշատակել, որ Սրբի պատկերով արված կտավներում նկարիչները նրան որպես վիշապասպան են պատկերել: Ըստ սրբազան ավանդության՝ Զորավարը սպանում է վիշապին և նրա ճիրաններից ազատում մի կույսի: Անշուշտ, հոգևոր առումով այդ պատումը կարելի է խորհրդանշական համարել: Դիոկղետիանոս կայսրը պատմության մեջ հիշատակվում է որպես «անդնդային վիշապ», ում կողմից զոհ է ընտրվում սուրբ Գևորգը: Բազում անգամներ հալածված և կտտանքների ենթարկված սուրբ Զորավարը, ի վերջո, հաղթանակում է իր հավատքով և նահատակությամբ: «Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանցից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը» (Մատթեոս Ժ 28):
 

Ա՛րդ, սուրբ Գևորգ Զորավարի հավատքով և նրա մասունքից ճառագող զորությամբ քաջալերված, եկեք միաբան և միասիրտ աղոթենք մեր Երկնավոր Հորը, որպեսզի զորանանք Իր քաջազուն մարտիրոս-վկայի բարեխոսությամբ և անխախտ ու հարատև պահենք առաքելահաստատ առաքելությունը մեր Սրբազան Եկեղեցու»:
 

Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանը Ս. Գևորգի աջով օրհնեց ներկաներին: Մինչև օրվա վերջ հավատացյալները հնարավորություն ունեն այցելել եկեղեցի և համբուրելով աջը՝ խնդրել սրբի բարեխոսությունը:
 

Ս. Գևորգի տոնը Վազգեն Ա Վեհափառի տնօրինությամբ համարվում է նաև Նորագավիթի տոնը: Ավանդույթի համաձայն Ս. Գևորգի տոնի օրը Նորագավիթի բնակիչները մատաղ են մատուցում: Այս տոնը նրանք նշանավորում են նաև իրենց համեղ դեղձի օրհնությամբ: Նորագավիթի համայնքի անդամները տասնյակ տարիներ հպարտանալով դեղձի երկու տեսակներով՝ Ս. Գևորգի տոնին օրհնության համար բերքից լավագույն մասը բերում են եկեղեցի և հյուրասիրում բոլոր այցելուներին:
 

Եկեղեցու բակում տոնը վերածվել էր իսկական տոնախմբության: Ազգագրական «Մենք» պարի խումբը ելույթ ունեցավ եկեղեցու բակում և հանդիսատեսի հետ եկեղեցու շուրջ պար բռնեց:

 

ԱՀԹ Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի


Ս. Գևորգի տոնը նաև Մարաշի տոնն է: Մարաշցիներն ավանդույթի համաձայն հավաքվում են ԱՀԹ Նորք-Մարաշի Ս.Աստվածածին եկեղեցում:
Եկեղեցու բակում տեղադրված՝ նահատակված մարաշցիների հիշատակին նվիրված խաչքարի մոտ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարքարիա քահանա Ավետիսյանն ու Տ. Թովմա քահանա Անդրեասյանը հոգեհանգստյան կարգ կարատեցին Մեծ Եղեռնի ժամանակ զոհված մարաշցիների հիշատակին:

 

Նորք-Մարաշ համայնքապետարանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում կազմակերպվել էր տոնախմբություն. ելույթ ունենցավ «Մարաթուկ» երգիպարի անսամբլը, Նոր Նորք, Դավիթաշեն և Աջափնյակ համայնքների ժողովրդական պարի խմբերը, Մարտին Յորգանցը: Հավաքվածներին Մարաշի ավանդական ճաշատեսակներ և մատաղ հյուրասիրվեց: «Ընտանիքի տարի» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ պատմական Մարաշի հարսանյաց ծեսի ցուցադրություն: Իսկ սիրիահայերը հնարավորություն ունեցան իրենց արծաթյա և ոսկե աշխատանքների ցուցահանդես վաճառք կազմակերպել:

 

ԱՀԹ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի
 

ԱՀԹ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը: Եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ Ս. Պատարագի ավարտին մատուցվեց մատաղ:
 

Գյուղի դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում եկեղեցու երիտասարդաց միության անդամները շարականներ կատարեցին: Ելույթ ունեցավ նաև եկեղեցու «Մուշ» պարային խումբը:

 

ԱՀԹ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցի
 

ԱՀԹ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում ևս մատուցվեց տոնական Ս. Պատարագ. պատարագիչը ԱՀԹ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանն էր, ով իր համայնքի անդամների հետ ուխտի էր եկել այս եկեղեցի: Ս. Պատարագի ավարտին բոլոր նրանց, ովքեր Գևորգ և Գևորգյան անուն կամ ազգանունն ունեն, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը նվիրեց Կիպրիանոս աղոթագրքեր: Համաjնքի կողմից անապահով ընտանիքների շուրջ 50 երեխաների նվիրաբերվեցին գրենական պիտույքներ:
Եկեղեցու բակում երիտասարդաց միությունը ներկայացրեց Ս.Գևորգի վարքը: Միության անդամներից մեկը ելույթ ունեցավ ջութակի կատարումներով: Իսկ տիկնանց միությունը սիրո ճաշ հյուրասիրեց այցելուներին:

 

ԱՀԹ Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցի
 

Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցում ևս մատուցվեց Ս.Պատարագ. պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանն էր: Եկեղեցու բակում հավարտ Ս. Պատարագի համայնքի դպրոցի երեխաները հանդես էին կազմակերպել՝ նվիրված Ս. Գևորգին:

  • 2014-09-29
×