Այս տարի սեպտեմբերի 28-ին Հայաստանի խուլերի համայնքը նշեց խուլերի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի չորրոդ կիրակին:
Հայաստանի խուլերը, ավանդույթի համաձայն, ԱՀԹ Ս.Երրորդություն եկեղեցում են նշում իրենց տոնը, որի համար այս տարի ընտրել էին «Բարև՛, ես խուլ եմ» խորագիրը:
Խորագիրր խուլերը մեկնաբանում են նրանով, որ իրենք դարձել են համարձակ, «լսողների աշխարհում» բարդույթներ չունեն այլևս և կարող են վստահ, առանց քաշվելու ասել՝ բարև՛, ես խուլ եմ:
Միջոցառումը Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը սկսեց Տերունական աղոթքով: Ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքի խոսքերը:
Այս օրը խուլերի համար հանդիսատեսին իրենց մեկ տարվա ձեռքբերումները ի տես դնելու հնարավորություն է: Նրանք մնջախաղով ներկայացրին աշխարհի արարումը, երգիծական ու պարային համարներով հանդես եկան, երգեցին և ասմունքեցին ժեստերի լեզվով, կիսվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած ուխտագնացության մասին իրենց տպավորություններով և այլն:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եսայի քահանա Արթենյանը խոսեց եկեղեցում խուլերի հետ տարվող աշխատանքների, նոր դասընթացների մասին: Դրանց մասին խոսելիս Տեր հայրը նշեց, որ խուլերը եկեղեցում կազմակերպվող տարբեր դասընթացների ընթացքում սովորում են վարսահարդարում, մատնահարդարում, նաև ասաց, որ մնջախաղի դասընթացեր են սկսվել:
Խուլերին շնորհավորեցին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Հասմիկ Բադալյանը, ուսմասվար Նվարդ Տանանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի «Քարոզչության և հասարակայնության հետ կապերի» բաժնի աշխատակից Վահան սարկավագ Սահակյանը,ով ճեմարանի ժեստերի լեզվի խմբակի շրջանավարտ է:
Եթե տարիներ առաջ Տ. Նավասարդ Սրբազանի հանձնարարությամբ Տ. Եսայի քահանա Արթենյանը միակ հոգևորականն էր, ով սովորել էր ժեստերի լեզուն և աշխատում էր նրանց հետ, ապա այժմ Գևորգյան հոգևոր Ճեմարանում գործում է ժեստերի լեզվի խմբակ, որն արդեն շրջանավարտներ ունի:
Ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը, ով խուլերին օգնում է ճանապարհ հարթել կյանքում՝ թարգմանիչ լինելով նրանց համար, ամեն կիրակի նրանց հետ մասնակցում է Ս Պատարագին ու թարգմանում քարոզը նրանց համար, խուլերի միջազգային օրը նաև իր տոնն է համարում: Խուլ ծնողներ ունենալու պատճառով նա բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, և այսօր խուլերի երիտասարդ սերնդին կոչ է անում պայքարել բոլոր կարծրատիպերի դեմ և ոչ մի դեպքում չընկճվել:
Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցին խուլերի համար դարձել է հարազատ մի վայր: Նրանք ամենօրյա իրենց այցելությունների ընթացքում ոչ միայն կարողանում են մասնակցել եկեղեցում կազմակերպվող տարբեր խմբակներին, այլ նաև արդեն հասկանում ու մասնակցում են Ս. Պստարագին: Նրանցից համարձակներն անգամ շապիկ է հագնում ու բարձրանալով Ս. Խորան, մասնակցում է ծեսին:
Դեռ 11 տարի առաջ՝ խուլերը դիմել էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանին՝ իրենց քահանա տրամադրելու խնդրանքով: Սրբազան հոր տնօրինությամբ Տ. Եսային էր նշանակվել նրանց հետ աշխատանքներ կազմակերպելու գործին: Տեր հայրը համբերատարությամբ սովորել էր ժեստերի լեզուն և քիչ ժամանակ անց արդեն համահեղինակն էր Ժեստերի հոգևոր բառարանի: Նրա նախաձեռնությամբ նկարահանվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք խուլ մարդկանց համար մեկնում են Հայ Եկեղեցու խորհուրդները, տոները, ծեսերը և այլն: