Խարբերդի երեխաները բոլորիս հոգատարության կարիքն ունեն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Խարբերդի երեխաները բոլորիս հոգատարության կարիքն ունեն

Խարբերդի երեխաները բոլորիս հոգատարության կարիքն ունեն

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան հոր օրհնությամբ հոկտեմբերի 10-ին ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքեյանը ԱՀԹ միջազգային հասարակական կազմակերպությունների կապերի համակարգող Շուշան Պետրոսյանի, կանադահայ բարերար Անահիտ Ամիրյանի և մի խումբ երիտասարդների հետ այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Տնօրեն Հ. Բալասանյանի խոսքով ներկայումս մանկատունն ունի 6-24 տարեկան 286 սան՝ մտավոր ու ֆիզիկական խնդիրներով: Այստեղ շարունակում են ապրել նաև մանկատան այն սաները, ովքեր գնալու տեղ կամ հարազատներ չունեն: 

Տեր հայրը երեխաների հետ հանդիպման սկզբում Տերունական աղոթք կարդաց և փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնության խոսքը: 
 

Կարճ զրույցից հետո հյուրերը երեխաներին փոխանցեցին փաթեթները, որոնց մեջ հագուստ, կոշիկ, քաղցրավենիք և գրենական պիտույքներ էին:


Կանադահայ Անահիտ Ամիրյանը, ով Հայաստանում է իր ընկերուհու՝ վաղամեռիկ Ալիս Քյուփեյանի կտակով կարիքավոր հայ մանուկներին օգնություն տրամադրելու համար, բավական հուզված էր երեխաների ընդունելությունից: Գոհարը, որ արդեն 35 տարեկան է, ունի մտավոր ու ֆիզիկական խնդիրներ, մորը նվիրված բանաստեղծություն արտասանեց, որպեսզի մայրը լսի և այցի գա իրեն: Տեր հորը տեսնելով՝ երեխաներից Սուրենը շատ ուրախացավ և նրա համար սկսեց երգել «Սուրբ Աստված» շարականը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2014-10-15
×