Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածում օծվեց նորակառույց եկեղեցին
Երևանի Նոր Նորքի առաջին զանգվածում օծվեց նորակառույց եկեղեցին
Հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարոթյան անդամներ, մշակութային գործիչներ, համայնքի անդամներ:
Շնորհավորելով երևանցիներին նոր եկեղեցի ունենալու առթիվ՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Մեծարգո տիա՛ր Նախագահ, Վեհափառ Հայրապետի անունից ողջունում ենք Ձեր ներկայությունն այս նվիրական վայրում:
Սիրեցյալ հավատավո՛ր զավակներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հարգարժան քաղաքապետ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, բարերար Եսայան ընտանիքի սիրելի՛ անդամներ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ձեզ ենք փոխանցում Հայրապետական օրհնություններ և բարեմաղթանքներ՝ նորակառույց եկեղեցու օծման, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և երիցատան բացման բարեբաստիկ առիթով: Կառլեն և Սառա Եսայանների բարերարության շնորհիվ մենք այսօր վկան և ականատեսն ենք դառնում ևս մեկ սքանչելի իրողության: Ցավոք, մեր սիրելի բարերարն ամիսներ առաջ հանգչեց ի Տեր, սակայն այսօր մեզ հետ են տիկին Սառան և նրանց որդիները: Եկեք միասնաբար աղոթենք սիրելի Կառլեն Եսայանի հոգու խաղաղության համար: Կարող ենք ասել, որ նրա հոգին ուրախ է երկնային անդաստաններում՝ տեսնելով այս օրը, և մենք զգում ենք նրա ներկայությունը մեր մեջ:
Այս հոգևոր և իմացական միջավայրը, որ բարերարների կողմից ընծայաբերվել է համայնքին, արվել է հոգուց և սրտից պոկված ազնիվ մղումով, անսահման սիրով և ջանադրությամբ: Եկեղեցին, խաչքարերն ու հուշաքարերը, մեր հավատքը խորհրդանշող և ազգը հավերժացնող անհատների արձանախմբերը մարդասիրական և ավետարանական ոգու առկայության խոսուն վկաներն են: Մի փոքրիկ հողակտոր՝ լի հայոց պատմությամբ, արժանավոր զավակների քարեղեն ներկայությամբ և մի հայասեր բանաստեղծի ճշմարիտ վկայաբանությամբ. «Ինչքան էլ որ հայերի ճակատագիրը դառն է եղել և ինչպիսին էլ որ լինի այն ապագայում, նրանց երկիրը հավերժ պետք է մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրների շարքում: Հայոց լեզուն Աստծո հետ միակ խոսելու լեզուն է» (Ջորջ Բայրոն):
Այս հայաշունչ միջավայրում արժանի է հիշատակել բացառիկ հայասեր անհատի՝ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի առկայությունը: 19-րդ դարի վերջին նորվեգացի ժողովուրդը մի զավակ ծնեց, «ով դուրս եկավ իր անհատից, դուրս եկավ իր ազգից՝ առանց թողնելու իր ազգը» և կյանքի վերջին 15 տարիները նվիրեց տառապող հայ ժողովրդին: Քանի՜-քանի՜ հազար հայերի հույս ներշնչեց, երբ հույսը մեռել էր նրանց մեջ, փրկեց սովից և մահվան ճիրաններից: Աքսորական դարձած տասնյակ հազարավոր հայեր տառապում էին անստույգ ապագայի վախից: Անձնագիր չունենալու պատճառով չունեին դեմք, ազգություն և պետություն: Ազգային Լիգայում Նանսենը հայտարարեց հայերին աջակցելու մասին: Նա ստեղծեց միջազգայնորեն ճանաչված հատուկ անձնագիր և բաշխեց հայերին, որպեսզի նրանք, վերականգնելով ինքնության և արժանապատվության զգացումը, ապրեն այն երկրներում, ուր նրանց նետել է դաժան ճակատագիրը: Հետագայում հայասեր նորվեգացին արեց առավելագույնը. նա օգնեց հայ գաղթականներին հայրենիք վերադառնալ: 1925 թ. եկավ Սուրբ Էջմիածին, հանդիպեց Գևորգ Ե երջանկահիշատակ կաթողիկոսին: Մշակվեց մի ծրագիր, որի միջոցով հնարավոր դարձավ ոռոգել Հայաստանի հողերը: Եվ տարագիր հայերի վերադարձով նոր կյանք ու կենդանություն պարգևվեց հայոց հողին: Ինչպիսի՜ մարդասիրություն, ինչպիսի՜ սեր և նվիրում հայ ժողովրդի հանդեպ:
Մեծարգո՛ քաղաքապետ, սիրելի՛ երևանցիներ, այս անմոռանալի օրն առավել քան հիշարժան է, քանզի այսօր մայրաքաղաք Երևանի տոնն է: «Երևան դարձած մեր Էրեբունի», մեր տուն, մեր երազանքների քաղաք, մեր հոգու թռիչքների, հույզերի ու կարոտի շտեմարան: Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց քաղաքամայր:
Սիրելինե՛ր, Երևանի այս գողտրիկ անկյունը հայակերտման, ճաշակի, ազգայինի և մարդասիրական վեհ զգացողությունների, վերընձյուղման, նորանոր ներշնչանքների աղբյուր է: Հայի էջադրված պատմություն՝ բաց երկնքի տակ:
Մեր աղոթքն է, որ Ամենակարող Աստված հոգևոր և մշակութային այս կենտրոնը դարձնի հավատքի անմար կանթեղ և լույսի անսպառ աղբյուր, որպեսզի հաղորդվելով նրա սրբազան խորհուրդներին՝ ապրենք իրապես քրիստոնեավայել և հավատարիմ մնանք մեր հավատքին՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու և ի ամրություն մեր Հայրենիքի: Ամեն»:
Արարողության ավարտին մատուցվեց Ս. Պատարագ. պատարագիչը նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանն էր:
Նախորդ օրը՝ երեկոյան, Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Ս. Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ կատարվեց երիցատանը: Ապա Սրբազան հայրն այցելեց Ֆ.Նանսենի թանգարան:
Եկեղեցու, Ֆ. Նանսենի անվան թանգարան –հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին: Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները:
Այսօր հուշահամալիրն իր գողտրիկ տարածքում ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը` զարդաքանդակներով: Այստեղ կան շուրջ 30 հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին: