Հոկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Ս. Անանիա, Մատթեոս, Բառնաբա, Փիլիպպոս, Հովհաննես, Շիղա և Սյուղիանոս առաքյալների հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Անանիայի Աջը բերվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ ամփոփված են սրբի մասուքները:
Առավոտյան Թումանյան-Փարպեցի փողոցների հատման մասում քահանաներն ու հավատացյալները թափորով դիմավորեցին ու ուղեկցեցին մասունքակիր Աջը մինչև եկեղեցի:
Եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշ նորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ մատուցվեց ս. պատարագ: Ս. սեղանի առաջ ս. պատարագ մատուցեց Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:
Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ Սրբազանն անդաստանի կարգ կատարեց՝ մասունքակիր սուրբ Աջով օրհնելով աշխարհի չորս ծագերը:
Մասունքակիր Աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Հարյուրավոր հավատացյալներ իրենց խոնարհումը բերեցին սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցեցին:
Ս. Անանիա առաքյալը
Ս. Անանիա առաքյալը Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշատակվում է Ս.Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի՝ երբ վերջինս երեք օր կուրացել էր, հենց Ս. Անանիան է նրան բժշկում, որից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Նա Ս. Անանիայի կողմից Ս. Մկրտությամբ ստանում է Պողոս անունը և նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում քրիստոնյաների ընտանիքին:
Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից:
Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին հավատացյալ ժողովուրդն անվանել է Զորավոր:
Լուսանկարները դիտեք այստեղ
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին