«Գրաբարյան օրերը» ֆիզմաթ հատուկ դպրոցում

«Գրաբարյան օրերը» ֆիզմաթ հատուկ դպրոցում

Արարատյան Հայրապետակայն թեմի նախաձեռնած «Գրաբարյան օրեր» ծրագիրը Ս. Թարգմանչաց տոնի առավոտյան մեկնարկեց նաև ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում:


«Գրաբարյան շրջան» ծրագրային թեման ամփոփող բաց դաս էր 10-րդ դ դասարանում` ղեկավարությամբ ուսուցչուհի Անժելա Նազարեթյանի:
Դասին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար տեր Պարթև քահանա Մուրադյանը, դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, ուսուցիչներ:


Դասը սկսվեց տերունական աղոթքի գեղեցիկ մրմունջով: Աշակերտները ոգևորված էին Տեր Պարթևի ներկայությունից, ու աղոթքն առավել ջերմեռանդ հնչեց: Ապա տեր հայրը փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքը:


Հարցեր, պատասխաններ, մեջբերումներ ու մեկնություններ ողջ դասաժամին, իսկ ամենակարևորը, որ բոլոր աշակերտները դասապրոցեսի մեջ էին, հստակ տիրապետում էին գրաբարի գրության ու արտասանության դասագրքային կանոններին, գրատախտակին գրում էին երկբարբառներն ու եռաբարբառները` բերելով համապատասխան օրինակներ: Կարդում ու թարգմանում էին գրաբարյան փոքրիկ տեքստեր, մեր ոսկեղենիկ հայերենով արտասանում էին թևավոր խոսքեր, ասույթներ, խրատներ:


Թարգմանչաց տոնին նվիրված բաց դասն իսկապես կայացավ:

  • 2014-10-20
×