Բարեգործական ծրագիր իրականացվեց միայնակ ծերերի համար

Բարեգործական ծրագիր իրականացվեց միայնակ ծերերի համար

Հոկտեմբերի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և կանադահայ Անահիտ Ամիրյանն այցելեցին Երևանում բնակվող միայնակ ծերերին: Այցելության նպատակը կանադահայերի կողմից հանգանակված դրամական օգնությունը նրանց տրամադրելն էր: Ծերերի համար նաև քաղցրավենիք էին տարել:

 

Այցելությունների ժամանակ Տ. Վահան քահան Առաքելյանը տերունական աղոթք ու բժշկության ավետարան ընթերցեց հիվանդ տարեցների համար, ապա նրանց փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի ողջույնն ու օրհնության խոսքը:


Այցելություններից առաջ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում էին հավաքվել մի քանի ծերեր, ովքեր սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում ապրելով՝ ամեն օր մասնակցում են եկեղեցական ծեսերին՝ ժամերգություններին ու Ս. Պատարագներին: Տեր հայրը նրանց համար բժշկության ավետարան ընթերցեց, պահպանիչ աղոթք կարդաց: Արարողությունից հետո նրանց հանձնեցին գումար ու քաղցրավենիքով փաթեթներ:


Տեր Վահանը կանադահայ Անահիտ Ամիրյանի հետ բարեգործական մի շարք ծրագրեր է իրականացրել. Երևանի միակ գիշերօթիկ մանկապարտեզի և Խարբերդի մանկատան սաների համար տաք հագուստններով ու քաղցրավենիք փաթեթներ էին պատրաստել, որոնց կարքին այդ երեխաները հատկապես ունեն: Տիկին Անահիտի խոսքով՝ «Հաճելի է, երբ գալիս ես օգնելու, և քեզ աջակցում են արդեն բազում տարիների փորձ ունեցող մարդիկ: Ես շատ ուրախացա, երբ Տ. Վահանին հանդիպեցի, ու Սրբազան հոր օրհնությանն արժանանալով իրականացրինք այս ծրագրերը: Լավ է, որ թեմում համակարգված են իրականացվում բարեգործական ծրագրերը»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2014-10-23
×