«Ճամբարակը Արարատյան Հայրապետական թեմի հրավերով եկել էր Երևան»

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Ճամբարակը Արարատյան Հայրապետական թեմի հրավերով եկել էր Երևան»

«Ճամբարակը Արարատյան Հայրապետական թեմի հրավերով եկել էր Երևան»

Հոկտեմբերի 23-ին Արարատյան Հայրապետական թեմը հյուրընկալեց սահմանամերձ Ճամբարակի Ս. Խաչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի 30 աշակերտներին: Նրանք թեմի հրավերով Երևան էին եկել Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Պսակ քահանա Մկրտչյանի և կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ունանյանի հետ գլխավորությամբ: 

Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում հյուրերին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և թեմի երիտասարդները:


Երեխաների համար թեմի բարեգործական ծրագրերի բաժինը և երիտասարդաց միությունների անդամները պատրաստել էին մեկօրյա հագեցած ծրագիր՝ շրջապտույտ, ժամանց, համերգ:


Պոնչիկանոցում նախաճաշելուց հետո երեխաները ծանոթացան Երևանի տեսարժան վայրերին՝ շրջելով «Երևան city tour-ի» երկհարկանի ավտոբուսով: Աննկարագրելի էր երեխաների ուրախությունը. նրանցից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում:


ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ համերգ: Ելույթ ունեցան Ճամբարակի մշակույթի տան «Արփի» պարային համույթը (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Կարեն Վարդանյան) և ԱՀԹ «Մանկունք» համախումբը (գեղ. ղեկավար՝ Նարինե Հարությունյան): Կիրակնօրյայի սաներն էլ հանդես եկան ասմունքով:


Սրբազան հայրը ողջունելով հյուրերին` շնորհակալություն ասաց հրավերը չմերժելու համար. «Մեր բարեգործական ծրագրերը իրականացվում են Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Դրանց մեջ կարևոր տեղ ունեն երիտասարդաց միությունների ծրագրերը, որոնք իրականացվում են Տ. Պետրոսի համակարգմամբ: Պիտի շնորհակալություն ասենք այդ երիտասարդներին, որ արձագանքեցին ձեր խնդրանքին ու գնացին, Ճամբարակը բերեցին Երևան: Երևանի օդը լավը չի: Ճամբարակի օդը, հուսանք, լավն է: Դրա համար այդպիսի գեղեցիկ տեսք ունեք՝ հայկական, մաքուր, ջինջ: Եվ այս մաքուր անոթի հետ մենք հաղորդակցվեցինք: Եթե ազգն ուզում է մաքուր մնալ, պետք է իր ակունքների հետ հաղորդակցվի: Եվ այս պահին, որպես մաքուր անոթ՝ կենդանի հաղորդակցություն, համարվում եք դուք: Շնորհակալ ենք ձեզ»:


Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ունանյանը նախաձեռնության համար իր և երեխաների անունից շնորհակալություն հայտնեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին, թեմի երիտասարդներին:


Տեր Պսակը Սրբազան հորը փոխանցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի շնորհակալագիրը՝ ճամբարակի կիրակնօրյա ու միջնակարգ դպրոցների և մանկապարտեզի սաներին աջակցելու համար:


Միջոցառման վերջում երեխաները Տ. Նավասարդ սրբազան հորից նվերներ ստացան Նոր կտակարան, օրհնված խաչեր, գրենական պիտույքներ:


Ճամբարակի երեխաներն իրենց երևանյան օրն ավարտեցին բոուլինգ խաղալով: Ուշ երեկոյան, մեծ տպավորություններ հավաքած, նրանք վերադարձան Ճամբարակ՝ շարունակելու ապրելով պահել մեր Հայրենիքի՝ իրենց վստահված սահմանը:


Ճամբարակի հետ բարեկամական կապը սկսվել է շաբաթներ առաջ, երբ կիրակնօրյայի սաներից մեկը դիմել էր ԱՀԹ երիտասարդական կառույցների անդամներին՝ իրենց դպրոցին գրենական պիտույքներով օգնելու համար: Խնդրանք անպատասխան չմնաց: Երիտասարդները, ստանալով Տ. Նավասարդ սրբազանի աջակցությունն ու օրհնությունը, թեմի բոլոր համայնքներում հավաքել էին անհրաժեշտ պարագաներն ու արագ այն հասցրել Ճամբարակ: Այցելության ժամանակ կիրակնօրյայի ուսուցիչը ասել էր, որ սահմանում ապրող այս երեխաներից շատերը Երևանը չեն տեսել: Հենց այդ խոսքն էր, որ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանին ու թեմի երիտասարդներին նոր ծրագիր կազմելու աթիռ էր տվել: Եվ այդ նոր ծրագրով Ճամբարակցիներին հրավիրել էին Երևան:


Համագործակցությունը Արարատյան Հայրապետական թեմի ու Ճամբարակի այս երեխաների միջև շարունակվելու է:

 
  • 2014-10-24
×