Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը՝ «Իրավունք» թերթի 25-ամյակի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը՝ «Իրավունք» թերթի 25-ամյակի առթիվ

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը՝ «Իրավունք» թերթի 25-ամյակի առթիվ

«Ձեզ համար արդարության սերմեր ցանեցե՛ք, և կենաց պտուղ քաղեցե՛ք. վառեցե՛ք ձեզ համար գիտության լույսը, փնտրեցե՛ք Տիրոջը, մինչև որ արդարության պտուղները հասնեն ձեզ» (Օսէէ Ժ 12):


«Իրավունք» թերթի սիրելի՛ սերմնացաններ,


Ողջունելով ձեր անցած դժվարին և պատվաբեր ուղին՝ աներկբայորեն կարող ենք ասել, որ աստվածաշնչյան այս օրհնաբեր պատգամն իրապես աղերսվում է ձեր 25-ամյա առաքելության հետ: Դուք մեր անկախ Հայաստանի ազատ մամուլի ջատագովներն եք: Իրավունքի և արդարության խոսափողն եք, ժողովրդավարական և իրավական երկիր կառուցելու կոչնակն ու պայքարի մարտիկը: Ձեր քառորդդարյա գործունեությամբ դուք վեր եք հանել հայ ազգի առջև ծառացած խնդիրները, իղձերն ու մտահոգությունները և ազգային ու ազատասիրական իսկատիպով աչքի ընկնող վեհ ձգտումները: Ձեր նվիրումով, ճշմարտության քարոզչությամբ այսօր դուք հաստատում եք մեծ սաղմոսերգու Դավթի հետևյալ խոսքերը. «Արդարի բերանն իմաստություն է բարբառում, իսկ լեզուն արդարություն է խոսում» (Սաղմ. ԼԶ 30):


Սիրելի՛ք, առավելագույնս գնահատելի են թերթի եկեղեցանվեր հրապարակումները, որոնք հոգու ազնիվ և մարդասիրական մղումների ծնունդ են և արգասիք: Հոգեորսության անօրեն և կամապաշտ «առաջնորդների» դիմակազերծումը, հայի արժեհամակարգի և ոգեղենության պահպանումը, հոգևոր արժեքների ճշմարտացի վերհանումը «Իրավունք»-ի արդար գործի լուսավոր շավիղներից են և օրհնության դուռը. «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. Ե 20):


Մեր աղոթքն է, որ Բարեսեր և Բարեգութ Աստված բազմապատկի ձեր ազգանվեր ջանքերն ու իղձերը: Արդարության Արեգակ Հիսուս Քրիստոս թող զորակից և մարտակից լինի ձեզ՝ «բարու պատերազմ»-ում հաղթանակելու և ճշմարտության օրհնյալ ճամփան անսայթաք անցնելու համար: Ամեն:
 


Ջերմագին սիրով և օրհնությամբ՝
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2014-10-28
×