Հոկտեմբերի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության «Օվսաննա» երգչախմբի համերգը(գեղ. ղեկավար` Շահե Քեշիշյան)՝ նվիրված ցեղասպանության նահատակների հիշատակին: Համերգը կազմակերպվել էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի աջակցությամբ:
Համերգը բացեց ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով Տ. Նավասարդ սրբազան հորը՝ համերգի կազմակերպման համար իր հայրական օրհնության ու աջակցության համար: Տեր հայրը նշեց, որ օրվա կոմիտասյան երգասացությունը միանալու է երկինք առաքվող բազում աղոթքներին՝ ի հիշատակ 20-րդ դարասկզբի նահատակյալ արևմտահայության և նրանց չարչարանաց:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի շնորհավորանքն ու օրհնության խոսքը փոխանցեց ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Համերգային ծրագիրը կազմված էր երեք մասից՝ շարականներ կոմիտասյան պատարագից, Ս. Աստվածամորը նվիրված շարականներ ու արևմտաեվրոպական հեղինակների «Ավե Մարիա» երգի տարբեր մշակումներ: Համերգը եզրափակվեց մեծն Կոմիտասի աշխարհիկ երգերի կատարումներով: