Կյանքում մարդկանց ամեն ինչից առավել ուրախացնում և ոգևորում են ուշադրությունը, սերն ու հոգատարությունը: Երբ գիտես, որ մենակ չես, հաղթահարելի է յուրաքանչյուր դժվարություն…
Հավանաբար հենց այս սկզբունքով առաջնորդվելով՝ Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն արդեն վաղուց ավանդույթ է ձևավորել՝ հնարավորինս հաճախ գտնվել թիվ 17 հատուկ գիշերօթիկ դպրոցի սաների կողքին: Դպրոցում սովորում են հենաշարժական և մտավոր խնդիրներով երեխաներ:
Հերթական հանդիպումը կայացավ այսօր: Այս անգամ այցելության առիթը փոքրիկ, բայց ջերմ հյուրասիրությունն էր: Տեր հորն ուղեկցում էին Ն.Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Վարդան քհն. Մկրտչյանը, եկեղեցու երիտասարդաց միության անդամները և ֆինանսական ներդրում կատարած քույր և եղբայր բարերարները, ովքեր, քրիստոնյային վայել համեստությաբ՝ հրաժարվեցին ներկայանալ և խոսել իրենց ներդրման մասին: Իհարկե, ներկաներին ուղեկցում և ընկերակցում էր դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանը. «Տարվա կտրվածքով 4-5 անգամ հանդիպում ենք տեր Նորայրի հետ: Եկեղեցական բոլոր տոներին սիրով հրավիրում ենք, նա միշտ մեր կողքին է լինում: Դա երեխաների մեջ ամրացնում է հավատքը, դրական տրամադրություն է ապահովում: Վստահ եմ, որ հրաշալի հանդիպում կստացվի նաև այսօր»:
Հանդիպումը սկսվեց սեղանների շուրջ՝ տերունական «Հայր մեր» աղոթքով: Այնուհետև օրհնվեց հյուրառատ սեղանը: Տեր Նորայրը ներկա փոքրիկներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույնն ու օրհնությունը:
«Մենք հաճախակի ենք այստեղ լինում, մոտ ժամանակներս էլ ուզում էինք գալ և երեխաներին հանդիպել, բայց մեր եկեղեցու հավատացյալ երիտասարդներից մեկը ավելի շուտ գալու խթան հանդիսացավ. մի քանի օր առաջ ինձ մոտեցավ և ասաց, որ ցանկանում է բարի գործ կատարել: Գումար տրամադրեց, ես էլ առաջարկեցի, որ այդ գումարով օգտակար լինենք մեր փոքրիկներին, միասին գանք և նրանց հետ ուրախանանք: Բարեգործությունը լավ բան է, բայց մենք մեզ առավել լավ ենք զգում այն պահին, երբ ճիշտ հասցեատիրոջ մոտ ենք գնում, այն մարդու մոտ, ով առավել շատ ունի այդ օգնության կարիքը՝ մասնավորապես այս երեխաները»,- Qahana.am կայքի հետ զրույցում ասաց տեր հայրը:
Միջոցառումը ոչ միայն ժամանցային, այլ նաև ճանաչողական բնույթ կրեց. երեխաները փորձում էին պատասխանել հայ առաքելական եկեղեցու, քրիստոնեության ու հավատքի մասին տեր հոր կողմից հնչեցված հարցերին: Դպրոցի «տանտերերը» ակտիվ էին հանդիպման ամբողջ ընթացքում՝ արտասանում, երգում ու պարում էին քահանաների ու երիտասարդների հետ: Հուզիչ էր եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Մուրադ Ցանգալյանի՝ Արցախյան պատերազմի մասին պատմությունը, որը բոլորին ոգևորեց և ստիպեց միասնական հնչեցնել «Գետաշեն» երգը:
Ի դեպ, տեր Նորայրի առաջարկով այս անգամ ևս փոքրիկներին իր գեղեցիկ կատարումներով ողջունելու էր եկել նաև «Արևիկ» մանկական անսամբլի և Չայկովսկու դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի երգչուհի Տաթև Ենգիբարյանը, ով խոստովանեց, որ բարեգործական նմանատիպ նախաձեռնություններին սիրով է մասնակցում, քանի որ առավել շատ գնահատում է այսպիսի համերգները:
Փոքրիկներն ու նրանց հյուրերը միմյանց հրաժեշտ տվեցին խոստմամբ. տեր հայրը խոստացավ գեղեցիկ ամանորյա անակնկալներ, երեխաները՝ որ մինչև ամանոր կսովորեն «ՀԱՅՐ ՄԵՐԸ»…