Հոկտեմբերի 30-ին ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Մրգավանի Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Մխիթար քահանա Ալոյոնը, Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Դավիթ քահանա Սահակյանը, բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և Մխչյանի Ս.Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամներն այցելեցին ԱՀԹ Արարատի մարզի ակադեմիկոս Ա. Հայիրյանի անվան Արմաշի առողջության կենտրոն:
Այստեղ բուժվող 85 հիվանդներից 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ քահանաներն մկրտեցին: Նրանց կնքահայրերը սանիտարներն էին:
Ներկա էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը, մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցներ:
ԱՀԹ -ի կողմից նվերներ փոխանցվեց առողջության կենտրոնի հիանդներին՝ օրհնած խաչեր, հագուստ, կոշիկ, հիգենիկ պարագաներ, քաղցրավենիք:
Արարողությունից հետո Տ. Մխիթարը ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, բժշկության ավետարան կարդաց բոլոր հիվանդների համար, շնորհավորեց մկրտվողներին:
Ռուբեն Աբրահամյանը խնդրեց իր շնորհակալությունը հայտնել Տ.Նավասարդ սրբազանին, ապա դրվատանքի խոսքեր ասաց քահանաներին, առողջարանի տնօրենին ու բուժանձնակազմին՝ արարողությունը կազմակերպելու համար և շնորհավորեց մկրտվածներին:
Մկրտությունից հետո մատաղի հյուրասիրություն կազմակերպվեց և իրենց հեղինակային կատարումներով ներկաներին ողջունեցին «Հայ Լաո» խմբի երգիչներ Վարդան և Տիգրան Թադևոսյանները:
Մեծ էր թե՛ մկրտվողների, թե՛ մյուս հիվանդների ու ներկաների հուզմունքն ու ոգևորությաունը:
ԱՀԹ հոգևորականները և համայնքներիանդամները Արմաշի Հ. Հայիրյանի անվան առողջության կենտրոն պարբերաբար այցելում են, բժշկության ավետարան են ընթերցում, զրուցում են հիվանդների ու բուժանձնակազմի հետ, նրանց համար նվերներ ու անհրաժեշտ պարագաներ են տանում: