Հոկտեմբերի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությամբ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ.Զգոն քահանա Աբրահամյանը, երեցկին Իրինա Աղաջանյանը, թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ այցելեցին Երևանի թիվ 2 հատուկ դպրոց:
Տեր հայրը ողջունեց երեխաներին, Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունը փոխանցեց նրանց: Այնուհետև գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան կոնսերվատորիայի ուսանողները:
Դպրոցի տնօրեն Համլետ Ղազարյանի խոսքով ներկայումս մտավոր խնդիրներ ունեցող այս դպրոցում սովորում է 6-20 տարեկան 40 երեխա: Նա իր շնորհակությունը հայտնեց հյուրերին երեխաների օրը տոն դարձնելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական գրասենյակը երեխաների համար նվերների փաթեթներ էր պատրաստել, որոնց մեջ հագուստ, գրենական պիտույքներ, հիգենիկ պարագաներ և այլն: Երեխաներին տեր հայրն օրհնած խաչեր նվիրեց: