Նոյեմբերի 1-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում օծվեցին խաչվառն ու վեմքարերը: Խաչվառը պատրաստվել է համայնքի նվիրատվություններով:
Արարողության ավարտին համայնքի անդամները կազմակերպել էին համերգ՝ նշելու եկեղեցու օծման հնգամյակը: Ելույթ ունեցան Ս. Գևորգ եկեղեցու կիրակնօրյա վարժարանի սաները:
Եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամները անհրաժեշտ նյութեր և պարագաներ էին բերել, որպեսզի հյուրերն իրենց ձեռքի հմտության ու երևակայության օգնությամբ պարաստեին բացիկներ, հուշանվերներ: Այդ իրերը դրվել էին ցուցահանդես-վաճառքի, որից ստացված հասույթը պիտի օգտագործեն բարեգործական ծրագրերի համար:
Նույն օրը Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցում Տ. Նավասարդ սրբազան հայրն օծեց եկեղեցու երեք խաչքարերը: Արարողությունից հետո համայնքի նախաձեռնությամբ մատաղ մատուցվեց հյուրերին:
Եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից մեկը նվիրված է եղեռնի զոհերի հիշատակին՝ բարերարը Գարիկ Համբարձումյանն է: Մյուս խաչքարը նվիրված է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. խաչքարը եկեղեցուն է նվիրաբերել Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը: Երրորդ խաչքարը եկեղեցու վերաբացման հինգերորդ տարեդարձի առթիվ նվիրել են եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանա Միքայելյանը և խաչքարագործ-վարպետ Ալբերտ Բաբագուլյանը: