ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
«Եվ հրաշալին այն է, որ ճշմարտապես փնտրողին միշտ ճշմարիտ առաջնորդ է տրվում: Եվ առաջնորդն ով էլ որ լինի, միշտ ստույգ ու հավատի առաջնորդություն է ցուցաբերում այնքանով, որքանով որ առաջնորդվողը հոգով ու հավատքով նվիրվի նրան. այդպիսի նվիրյալին արդեն Աստված Ինքն է հետևում… Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը»: ՍՈՒՐԲ ԹԵՈՓԱՆՈՍ
Վեհափա՛ռ Տեր,
Մեկուկես տասնյակ տարի առաջ հավատավոր զավակների աղոթքների և եկեղեցասեր հայրերի սիրո ու ինքնազոհաբերման համար Աստված շնորհ արեց Հայոց ազգին՝ ունենալու առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալը: Դուք դարձաք համայն հայության հավատքի առաջնորդը, հոգևորականության ողջախոհ, իմաստուն խորհրդատուն և սիրասուն հայրը: Ձեր գահակալության տարիներին մենք առավելագույն ջանասիրությամբ առաջացանք մեր առաքելության մեջ՝ որպես օրինակ ունենալով Ձերդ Սրբության անձանձիր ծառայասիրությունը և անսակարկ նվիրումը: «Յուրաքանչյուր ոք իր ծառայության վայրում, իր գործունեության մեջ պիտի ընթանա Աստծո փրկարար կամքով և հայրենյաց սիրո աստվածահաճո ճանապարհով, որ բարի արգասիքներ է բերում մեր կյանքին և մեզ սիրելի դարձնում Տիրոջը, քանզի ինչպես հարուցյալ Քրիստոսին առաքյալը ճանաչեց ողջ մարդկության համար կրած չարչարանքների նշաններով, նույնպես Քրիստոս ճանաչում է մեզ՝ Իր հետևորդներին, հավատքի վկայություններով, հրաժարումով այն ամենից, ինչ հակառակ է աստվածային կամքին՝ բարուն, արդարությանն ու ճշմարտությանը» (Գարեգին Բ):
Վեհափա՛ռ Տեր,
Ձեր հայրախնամ հոգածությունը մեզ միավորող ուժն է, Քրիստոսի ճշմարտությամբ ապրելու, Նրա պատգամները որպես խավարացիր լույս դարձնելու ազդակն ու խթանիչ ուժը: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և կենսունակություն, քաջառողջություն ու երկար տարիների գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Թող Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ մարտակից ու զորակից լինի Ձեզ՝ հայության ինքնության նավը Սիրո, Բարու և Հավատքի փրկարար ճանապարհով առաջնորդելու համար: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ներկայությունն արդյունավորի և առավել պտղաբեր դարձնի Ձեր հայրապետական սպասավորությունը՝ մշտանորոգ պահելով Հայոց երկնադիր Սուրբ Եկեղեցին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ