Թեմի երիտասարդներն արժանացան շնորհակալագրերի

Թեմի երիտասարդներն արժանացան շնորհակալագրերի

Նոյեմբերի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին և միությունների մի քանի անդամների: 


Ողջունելով նրանց՝ սրբազան հայրը գնահատանքի խոսք ասաց երիտասարդներին, ովքեր ակտիվ մասնակցում են ոչ միայն թեմի ծրագրերին ու նախաձեռնություններին, այլ նաև թեմը ներկայացնում են տարբեր կազմակերպությունների ու գերատեսչությունների կողմից իրականացվող միջոցառումներին: 


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2796-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի- Երևան» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու և կազմակերպման գործում դրսևորած պատրաստակամության համար թեմի երիտասարդական կառույցներին ու մի քանի երիտասարդներին շնորհակալագրերի է արժանացրել: 


Այդ շնորհակալագրերը Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանձնեց ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանին, Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամ Արմինե Հարությունյանին, Ավանի Ս.Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանին, անդամներ Քնար և Շուշան Առաքելյաններին և Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամ Արմեն Առուստամյանին:

  • 2014-11-05
×