Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն» է հաճախում շուրջ 70 թմրամոլ և 300 ՄԻԱՎ-ով ապրող մարդ: Կենտրոնի շահառուներից են նաև նրանց ծնողները, ընտանիքի անդամները, երեխաները:
2011թ. սեպտեմբերից Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի և ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ գործում է ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը»: Կենտրոնի տնօրենը ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն է:
Կենտրոնի նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:
Կենտրոնի հոգատար ու հետևողական աշխատանքների արդյունքում բազմաթիվ թմրամոլներ հրաժարվել են թմրանյութերից և վերադարձել են բնականոն կյանքի: Նրանցից շատերը ներգրավվել են Հայ Եկեղեցու համայնքային կյանքում:
Այս տարի՝ հունիսի 3-ին, ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպեց «Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով բարեգործական համերգ: Համերգի ողջ հասույթը տրամադրվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաների ընտանիքներին:
21-րդ դարասկզբի համայն մարդկության առջև ծառացած ամենասարսափելի մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն է: Ողջ աշխարհը համակած այս տենդը չէր կարող և չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա դարձան ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր: Հայաստանն առայժմ սահմանափակ փոխշփումներով կենսավարող պետություն է, որը չի գտնվում համաշխարհային աղետների, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կիզակետում: Այդուհանդերձ, մեր ազգաբնակչության պարագայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակակիրների համեմատական թվերը հարուցում են Հայ Եկեղեցու խորը մտահոգությունը և մղում անմիջական միջամտության:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգևոր դաստիարակության միջոցով հասարակության մեջ բարոյական և հոգևոր արժեքների ամրապնդումը: Հոգևոր հովիվը կարող է դառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց շահերի պաշտպանը և համատեղ իրականացնել քայլեր` ուղղված խտրականության և սոցիալական անարդարության դեմ: Հենց այս նպատակով է Արարատյան Հայրապետական թեմում բացվել թեմի «Ցերեկային Կենտրոնը»: Այն շահառուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.
Հովվական խնամք և աջակցություն
Ամեն շաբաթ հոգևորականը կազմակերպում է խմբային աշխատանքներ, քարոզ խոսում, հոգևոր թեմաներով զրույցներ է անցկացնում շահառուների համար, ինչը նպաստում է շահառուների հոգևոր աճին ու հոգեկրթմանը: Կազմակերպվում է ֆիլմերի դիտում և քննարկում: Իրականացվում են ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր:
Հոգևորականի կողմից կատարվում է նաև անհատական խորհրդատվություն, խոստովանություն: Նա հաճախ է այցելում շահառուների տուն, կատարում տնօրհնեքի կարգ՝ նվազեցնելով ներքին հոգեբանական լարվածությունը:
Երեխաների համար շաբաթ օրերին կատարվում է Աստվածաշնչի սերտողություն, կազմակերպվում հոգևոր թեմաներով նկարչություն և հոգևոր մուլտֆիլմերի դիտում:
Հոգեբանական աջակցություն
Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են խմբային ու անհատական տարբերակներով: Դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ու նրանց ընտանիքների անդամների համար:
Աշխատանքներ են տարվում շահառուների ինքնավստահության բարձրացման համար՝ նպաստելով ինքնախարանի և խտրականության հաղթահարմանը:
Երեխաների մոտ աշխատանքներն իրականացվում են վախերի հաղթահարման, մեկուսացման միտումների նվազեցման, շփման հմտությունների մշակման ուղղությամբ:
Սոցիալական աջակցություն
Սոցիալական աջակցություն ծրագրով ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ և թմրամիջոցների ներարկային օգտագործողները հավասարը հավասարին խորհրդատվություն են իրականացնում՝ նախկին թմրամոլներն իրենց օրինակով ցույց են տալիս այն ճանապարհը, որով հնարավոր է հարթել դժվարին թվացող խնդիրը: Կազմակերպվում են տնայցեր, սննդի փաթեթներ են տրամադրվում: Երբ շահառուն գտնվում է հիվանդանոցում, կենտորնի աշխատակիցները խնամում են, անհրաժեշտ դեղորայք տրամադրում:
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են ՄԻԱՎ-ով ապրող հղի կանայք: Հղիության ամբողջ ընթացքում, ինչպես նաև հիվանդանոցում գտնվելու ժամանակ և հետծննդյան շրջանում նրանց համար խնամք է կազմակերպվում, անհրաժեշտ հոգևոր ու հոգեբանական աջակցություն ցուցաբերվում:
Կենտրոնը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ընտանիքների, նրանց ընկերների և ազգականների հետ աշխատանք է տանում՝ բացահայտելու հիմնական առողջական և սոցիալական խնդիրները: Տրամադրում է խորհրդատվություն ընտանիքի անդամներին՝ հիմնականում կենտրոնանալով այն վարքագծին, որ պետք է նրանք դրսևորեն շահառուների հանդեպ, լինեն շատ հոգատար և կարեկից, օգնեն նրանց ինտեգրմանը ընտանիքում և հասարակությունում, աջակցեն նրանց վերականգնողական շրջանում: