Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Հավասար ենք» ծրագրի շրջանակներում ԱՀԹ Նորք Մարաշի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը, երիտասարդաց միության անդամների և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նրանք մասնակցեցին մանկատան սաների կողմից կազմակերպված միջոցառմանը:
Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց հանդիպումը, այնուհետև նրանց փոխանցեց Նավասարդ սրբազանի օրհնությունը: «Մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ, ձեր մեջ: Այս միջոցառումով դուք բոլորդ մեկ անգամ ևս մեզ ապացուցեցիք, որ ոչ թե հավասար եք, այլ ավելի բարձր…»,- դիմելով մանատան սաներին՝ ասաց Տ. Զաքարիան:
Հաշմանդամ երեխաների հուզիչ ելույթից հետո Տեր հայրը բժշկության ավետարան և պահպանիչ աղոթք կարդաց, ապա ԱՀԹ-ի կողմից երեխաներին նվերներ՝ հագուստ, կոշիկ և քաղցրավենիք բաժանվեցին:
Օրվա հաջորդ միջոցառումը Խնկո - Ապոր անվան գրադարանում էր: Գրադարանի դահլիճում Սիրիայի Հալեպ քաղաքից 3 տարի առաջ Հայաստան տեղափոխված «Արևիկ Հայաստան կենտրոնի» հաշմանդամ երեխաները հանդիսատեսի համար ընկերության, սիրո և ջերմության կարևորությանը նվիրված ներկայացում էին պատրաստել: Նրանք նաև իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք էին կազմակերպել:
Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությունը և ասաց, որ Քրիստոս աշխարհ եկավ, որովհետև սիրեց և նրա մեծագույն պատվիրանն այն է, որ սիրենք իրար…: Ապա պահպանիչ աղոթք ասաց:
Միջոցառման ավարտին ԱՀԹ-ի կողմից նվերներ՝ գրենական պիտույքների փաթեթներ բաժանվեցին կազմակերպության շահառուներին:
Յուլյայի անվան «Լույսի աստղ» և «Ալեքս» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ների երեխաներն անհամբեր սպասում էին ԱՀԹ հյուրերին: Նրանց ողջունեց ԱՀԹ Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Խորեն քահանա Մարուքյանը, փոխանցեց Տ.Նավասարդ սրբազանի օրհնությունը: Տեր հայրն իր խոսքում կոչ արեց ներկաներին փնտրել Աստծո օրհնությունը, արքայությունը, որպեսզի հավիտենական կյանքի հույս ունենան Աստծո հետ, ապա ուժ կարողություն մաղթեց բաժին հասած խաչը քաջությամբ կրելու համար:
Փոքրիկ հյուրասիրությունից հետո կազմակերպության 50 երեխա թեմի կողմից նվերներ ստացան՝ հագուստ,գրենական պիտույքներ, ապա Տեր հայրը բժշկության ավետարան կարդաց:
Ծնողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԱՀԹ-ին՝ մշտապես աջակցելու համար:
Օրվա այցելության վերջին կանգառը Արաբկիրի վարչական բարեգործական ճաշարանում էր: Այստեղ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը հյուրասիրություն և երաժշտական միջոցառում էր կազմակերպել թե ճաշարանից օգտվողների և թե «Արաբկիր հաշմանդամների ասոցացիա» ՀԿ շահառուների համար:
Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ.Բաբկեն քահանա Հայրապետյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությունը:
«Արաբկիր հաշմանդամների ասոցացիա» ՀԿ-ի շուրջ 130 շահառուներ հոգևոր աջակցությունից զատ թեմի կողմից ստացան նվերներ՝ հագուստ, կոշիկ և գրենական պիտույքներ: