Ամփոփվեցին «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի արդյունքները

Դեկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը «Հայր մեր»-ով բացեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:Ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Այսօր հավաքվել ենք, որպեսզի ամփոփենք այն ծրագիրը, որը գործադրվեց ոչ վաղ անցյալում: Մեր գլխավոր նպատակը երիտասարդների մեջ գրաբարի միջոցով հայրենաշինության, հայրենասիրության, հայրենի գրականության և մշակույթի վերարթնացումն է: Մեր երիտասարդներից շատերը գալիս են եկեղեցի, լսում գրաբարով անցկացվող ծեսը, արարողությունները և անհաղորդ մնում դրանց: Ընդառաջելով նրանց ցանկությանը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կյանքի կոչեցինք և իրականացնում ենք «Գրաբարյան օրեր 2014» ծրագիրը, ինչի համար երախտապարտ ենք նրան:

 

Մենք նպատակ ունենք արդիականացնել գրաբարը, որպեսզի երիտասարդներն անհաղորդ չմնան մեր ժառանգությանը, որի առանցքը Ոսկեդարն է: Արևի ճառագայթներով վառվեց սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ ունենալով զորակցությունը ս. Սահակ Պարթև կարթողիկոսի և հզոր աջակցությունը Վռամշապուհ թագավորի: Ահա այս հոգևոր և իմացական ժառանգությունը վերարթնացնելիս՝ «խավարը հավերժ անիծելու փոխարեն ոչ միայն մեկ մոմ վառենք, այլ ամեն մեկս դառնանք մեկ մոմ և լուսավորենք»:

 

Գրաբար լեզվի հետ հաղորդակցվելու զգացողությունը հայրենասիրության, հայրենիքը զգալու, մեր գրական ժառանգության հետ կենդանի կերպով առնչվելու մի գործընթաց է, որով հայկականությունը վերարթնացած, վերածաղկյալ վիճակով կտարածենք երիտասարդների մեջ, և նրանք իրենց էությամբ կդառնան մեր գրական ժառանգության լուսավորիչները: Այդպես կկանխարգելենք բոլոր մարտահրավերները և կունենաք այդ լուսավորության տարածման զինվորներ, ովքեր կանդամագրվեն այս առաքելությանը: Առաքելություն ենք կոչում, որովհետև հայրենաշինական իմաստ, ձև և բովանդակություն ունի: Եթե չլինեին ս. Մեսրոպը, նրան աջակցող ու սատարող ս. Սահակը և Վռամշապուհը, նրանց ոսկեդարյան աշակերտները, ինչպե՞ս պիտի կարողանային այս լուսավորչական, հոգեմտավոր գործն իրականացնել մեր հայոց աշխարհի մեջ և ստեղծել որակական մի նոր բարձունք՝ քրիստոսադրոշմ հոգեկերտվածքով:

 

Մեկ կամ երկու հոգով, ուսուցիչների մի խմբով այդպիսի առաքելություն առաջ տանել չի լինի: Պետք է ամենը հավաքական անել, որպեսզի լույսն արեգակնային լինի, և ճառագայթները տարածվեն մեր երիտասարդների մտքի, հոգու և սրտի մեջ: Եվ նրանք կդառնան որակապես առավել ազնվացած հայեր ու կկարողանան պատկանել այդ արժեքներին: Այդ արժեքները կրելով՝ դրանք կտարածեն իրենց ընտանիքներում, իրենց միջավայրից ներս, հայրենիքի մեջ:

 

Մենք նպատակ ենք հետապնդում ոսկեդարյա ժառանգությունը վերարթնացնել գրաբարի միջոցով, և գրաբարն արդիականացնելով՝ «մեռած» լեզվից ոչ թե վերածել խոսակցական լեզվի, ինչն անհնարին է, այլ «մեռած» լեզուն դարձնել հայրենի ժառանգության հետ կենդանի հաղորդակցվելու լեզու: Այսպես հայ երիտասարդները կկրեն այդ ժառանգությունը, և իրենց մեջ կվերածաղկի այն հզոր ներդրումը, որ կատարել են սուրբ հայրերը Ոսկեդարում:

 

Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ծրագրին և՛ նյութապես, և՛ բարոյապես աջակցելու համար: Մեզ աջակցեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում այսօր ներկայացնում է Գայանե Սողոմոնյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ով նաև մեր թեմական խորհրդի ատենապետն է, և «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:

 

Վստահ ենք, որ այս ծրագրով կվերաարժևորվի և կվերածաղկի չմարող արեգակը մեր հոգևոր և իմացական անդաստանում»:

 

Որպես հիշեցում՝ տեղեկացնենք, որ Արարատյան Հայրապետական թեմն առաջին անգամ է իրականացնում «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվեց գրաբարի օլիմպիադա՝ գրավոր ու բանավոր փուլերով: Դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցեց օլիմպիադային: «Փյունիկ» հիմնադրամը լավագույն երեք աշակերտին և իրենց ուսուցիչներին պարգևատրեց համակարգիչներով ու պլանշետներով: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը ստացան խրախուսական մրցանակներ:

 

Ծրագրի շրջանակում Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում ուսուցիչների ու աշակերտների ջանքերով կազմակերպվեցին միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ: Գրաբարի ուսուցումն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար դպրոցներին առաջարկվել էին «Ծիրանի» մշակութային հանգույցի պատրաստած www.grabar.am կայքը և ինը տեսադաս:

 

Ծրագրի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվելու են ուխտագնացություն և վերապատրաստման դասընթացներ:

  • 2014-12-09
×