«Անյայտ Երեւան»-ի բացահայտումը

«Անյայտ Երեւան»-ի բացահայտումը

Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ դիմագիծն ու պատկերը, առավել ևս, եթե այդ քաղաքը հայտնի է իր բազմադարյան պատմությամբ: Ենթադրելի է, որ այդպիսի քաղաքն իր այցելուին ներկայանում է բացահայտված կամ դեռևս չբացահայտված իր բազմադարյան պատմության, հոգևոր և նյութական մշակութային խոր ծալքերով: Իսկ այցելուն, ականատես և ականջալուր լինելով, միայն կարող է հիանալ և մտովի վերապրել իր տեսածն ու լսածը:


Ինչպիսի՞ն է մեր քաղաքի՝ 2796-ամյա Երևանի դիմագիծը, արդյո՞ք այն իր ամբողջ բազմադարյան խորությամբ և հետաքրքրությամբ է ներկայանում, թե՝ մասամբ և պատառիկներով:
Դեկտեմբերի 6-ի «Եկեղեցին մենք ենք» խորագիրը կրող հերթական հանդիպման քննարկման նյութը այս և նմանատիպ հարցերի շուրջ էր: Ընտրված թեման Երևանի միջնադարյան հուշարձաններն էին «Անյայտ Երեւան»-ը վերնագրով: ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության և համայնքի անդամների համար թեման իր ամբողջ խորությամբ, լուծված կամ դեռևս լուծելի խնդիրներով ոչ միայն ներկայացնում, այլև բացահայտում էր «Ծիրանի մշակութային հանգոյց»-ի նախագահ՝ Նարեկ Վան Աշուղաթոյեանը:
«Վերջին տարիներին Երևանն ինձ համար բացահայտվում է հայտնության նման»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյեանը:


Բանախոսության շնորհիվ ներկաները ևս աստիճանաբար բացահայտում էին իրենց համար չբացահայտված «Անյայտ Երեւան»-ը: Չբացահայտված շղթան ձգվում էր խոնարհված Ավանի տաճարից (6-րդ դար) մինչև ուշ միջնադարյան աշխարհիկ և կրոնական հուշարձանները:


Առաջին կրթությամբ աստվածաբան, ապա իրավաբան, բայց ոչ հուշարձանագետ Նարեկ Վան Աշուղաթոյեանը փոքրուց այցելել է Երևանի ս. Կաթողիկե Աստվածածին եկեղեցի, ինչն էլ հետագայում նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել ուսումնասիրություններ սկսել և առաջինը հենց այդ եկեղեցու պատմությունից:


Բանախոսի խորհելու առիթ տվող հարցադրումներն ու մտքերն էին. «Ինչպիսի՞ քաղաքում ենք մենք ապրում, ի՞նչ կա մեր կողքին, որ չենք տեսնում և ինչո՞վ է հետաքրքիր Երևանը: Իներցիայով ընթացող մեր կյանքում տարիներ շարունակ տեսնում ենք այն, ինչն արդեն սովորական է դարձել: Բայց մեր քաղաքն ավելի հետաքրքիր է իր այն դրվագներով, որ առաջին հայացքից ոչինչ չեն ասում»:


Նարեկ Վան Աշուղաթոյեանը անհանգստացած է Հայաստանի հուշարձանների ճակատագրով. «Հարուստ հուշարձաններով մեր երկիրը խնդիր ունի. մշակութային մեծ արժեք ունեցող հուշարձանները ցաքուցրիվ են եղել՝ կտրվելով իրենց պատմական միջավայրից: Նորը ստեղծելով՝ ոչնչացվել է հինը: Չկա՛ որևէ դարաշրջանի ամբողջովին պահպանված որևէ հուշարձան, չկա՛ հին քաղաքի զարգացում»:


Կարինե Սուգիկյան
ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ

  • 2014-12-10
×