ԱՀԹ «Գրաբարյան օրեր 2014» օլիմպիադայի մրցանակաբաշխության ժամանակ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի խոսքը ներկաներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ «Գրաբարյան օրեր 2014» օլիմպիադայի մրցանակաբաշխության ժամանակ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի խոսքը ներկաներին

ԱՀԹ «Գրաբարյան օրեր 2014» օլիմպիադայի մրցանակաբաշխության ժամանակ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի խոսքը ներկաներին

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի ամփոփենք այն ծրագիրը, որը գործադրվեց ոչ վաղ անցյալում: Մեր գլխավոր նպատակը երիտասարդների մեջ գրաբարի միջոցով հայրենաշինության, հայրենասիրության, հայրենի գրականության և մշակույթի վերարթնացումն է: Մեր երիտասարդներից շատերը գալիս են եկեղեցի, լսում գրաբարով անցկացվող ծեսը, արարողությունները և անհաղորդ մնում դրանց: Ընդառաջելով նրանց ցանկությանը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կյանքի կոչեցինք և իրականացնում ենք «Գրաբարյան օրեր 2014» ծրագիրը, ինչի համար երախտապարտ ենք նրան:


Մենք նպատակ ունենք արդիականացնել գրաբարը, որպեսզի երիտասարդներն անհաղորդ չմնան մեր ժառանգությանը, որի առանցքը Ոսկեդարն է: Արևի ճառագայթներով վառվեց սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ ունենալով զորակցությունը ս. Սահակ Պարթև կարթողիկոսի և հզոր աջակցությունը Վռամշապուհ թագավորի: Ահա այս հոգևոր և իմացական ժառանգությունը վերարթնացնելիս՝ «խավարը հավերժ անիծելու փոխարեն ոչ միայն մեկ մոմ վառենք, այլ ամեն մեկս դառնանք մեկ մոմ և լուսավորենք»:


Գրաբար լեզվի հետ հաղորդակցվելու զգացողությունը հայրենասիրության, հայրենիքը զգալու, մեր գրական ժառանգության հետ կենդանի կերպով առնչվելու մի գործընթաց է, որով հայկականությունը վերարթնացած, վերածաղկյալ վիճակով կտարածենք երիտասարդների մեջ, և նրանք իրենց էությամբ կդառնան մեր գրական ժառանգության լուսավորիչները: Այդպես կկանխարգելենք բոլոր մարտահրավերները և կունենաք այդ լուսավորության տարածման զինվորներ, ովքեր կանդամագրվեն այս առաքելությանը: Առաքելություն ենք կոչում, որովհետև հայրենաշինական իմաստ, ձև և բովանդակություն ունի: Եթե չլինեին ս. Մեսրոպը, նրան աջակցող ու սատարող ս. Սահակը և Վռամշապուհը, նրանց ոսկեդարյան աշակերտները, ինչպե՞ս պիտի կարողանային այս լուսավորչական, հոգեմտավոր գործն իրականացնել մեր հայոց աշխարհի մեջ և ստեղծել որակական մի նոր բարձունք՝ քրիստոսադրոշմ հոգեկերտվածքով:


Մեկ կամ երկու հոգով, ուսուցիչների մի խմբով այդպիսի առաքելություն առաջ տանել չի լինի: Պետք է ամենը հավաքական անել, որպեսզի լույսն արեգակնային լինի, և ճառագայթները տարածվեն մեր երիտասարդների մտքի, հոգու և սրտի մեջ: Եվ նրանք կդառնան որակապես առավել ազնվացած հայեր ու կկարողանան պատկանել այդ արժեքներին: Այդ արժեքները կրելով՝ դրանք կտարածեն իրենց ընտանիքներում, իրենց միջավայրից ներս, հայրենիքի մեջ:


Մենք նպատակ ենք հետապնդում ոսկեդարյա ժառանգությունը վերարթնացնել գրաբարի միջոցով, և գրաբարն արդիականացնելով՝ «մեռած» լեզվից ոչ թե վերածել խոսակցական լեզվի, ինչն անհնարին է, այլ «մեռած» լեզուն դարձնել հայրենի ժառանգության հետ կենդանի հաղորդակցվելու լեզու: Այսպես հայ երիտասարդները կկրեն այդ ժառանգությունը, և իրենց մեջ կվերածաղկի այն հզոր ներդրումը, որ կատարել են սուրբ հայրերը Ոսկեդարում:


Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ծրագրին և՛ նյութապես, և՛ բարոյապես աջակցելու համար: Մեզ աջակցեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում այսօր ներկայացնում է Գայանե Սողոմոնյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ով նաև մեր թեմական խորհրդի ատենապետն է, և «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:


Վստահ ենք, որ այս ծրագրով կվերաարժևորվի և կվերածաղկի չմարող արեգակը մեր հոգևոր և իմացական անդաստանում»:

  • 2014-12-10
×