Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Ազգային առաջնորդության ինստիտուտի անդամներին, ովքեր եկել էին իրենց հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:
Երիտասարդները Սրբազան հորը ներկայացրին մեկ տարվա իրենց գործունեությունը, աշխատանքների արդյունքները: Նրանք պատմեցին Դալար համայնքի կիրակնօրյա դպրոցում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հրապարակած դասագրքերով իրականացվող իրենց դասընթացի մասին: Մեծ ոգևորությամբ խոսեցին ամառային կինոճամբարի մասին, որի դրական արդյունքների շնորհիվ այժմ կենտրոնում բացվել է կինոխմբակ, ուր պատանիները շաբաթական մի քանի անգամ հավաքվում են կինոգործ սովորելու: Հատկապես ուշագրավ էր հաշմանդամների համար նրանց կազմակերպած հոգևոր «Ալֆա» դասընթացը, որի մասնակից կույրերը իրենք են սկսում դասավանդել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց:
Նավասարդ արքեպիսկոպոսը հետաքրքրվեց նաև նրանց ապագա ծրագրերով և երիտասարդների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար Տ. Պետրոսին հանձարարեց հանդիպումները կազմակերպել ավելի հաճախ: