Ս. Հակոբ Մծբնա հայրապետ

Ս. Հակոբ Մծբնա հայրապետ

Այս տարի դեկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս.Հակոբ Մծբնա հայրապետի տոնը:


Տոնի առթիվ ԱՀԹ ս. Հակոբ անունը կրող 4 եկեղեցիներում ժամը 11:00-ին կմատուցվի ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի Քանաքեռի, Դվինի և Արարատի ս.Հակոբ եկեղեցիներում կկատարվի մատաղի հյուրասիրություն:


Արարատի ս.Հակոբ եկեղեցու բակում հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի ու համայնքի նախաձեռնությամբ նախատեսվում է տոնախմբություն: ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նուրիջանյանի գլխավորությամբ արարողությանը կմասնակցեն նաև Հայոց բանակի զինվորներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


Ս. Հակոբ Մծբնա հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած` մանուկ Հակոբն իր քրոջ` Սակդենի հետ տեղափոխվել է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրել արքունիքում: Սակայն Ս. Հակոբը թողել է ճոխ կյանքը և դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին, հանդիպել Ս. Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, սակայն թերահավատ են և կասկածում են Նոյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Ս. Մարուգեին հայտնել է, որ Ս. Հակոբն է լինելու Մծբինի աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց նա հետո մահացել է 350 թվականին:


Ս. Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:

  • 2014-12-14
×