Չնայած, որ դեռևս մոտավորապես 3 տարեկան հայրիկ եմ, հետն էլ` քահանա հայրիկ, ու ծնողական հարցերով շատ խոսելու իրավունք չունեմ, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ փոքրիկների հոգևոր դաստիարակության հետ կապված անձնական փորձառությամբ ձեռք բերած ու իմ պատկերացմամբ ամենակարևոր սկզբունքի մասին խոսել ու կիսվել ձեզ հետ:
Ամենակարևոր և անփոխարինելի սկզբունքը կրկնօրինակելու ունակությունն է մեր փոքրիկների մեջ:
Եթե ուզում ենք, որ մեր զավակները հոգևոր դաստիարակություն ստանան, կներեք կոպիտ հնչելու համար, բայց առաջին հերթին մենք ինքներս պիտի դաստիարակված լինենք:
Եթե ուզում ենք, որ մեր բալիկներն աղոթք անեն, եկեղեցի գնան, մենք ինքներս առաջին հերթին պիտի աղոթենք ու եկեղեցի հաճախենք:
Թերևս, ոչ մեկի համար նորություն չէր սա, բայց արի ու տես, որ քչերն են ուշադրություն դարձնում այս սկբունքին:
Եվ մի կարևոր հանգամանք ևս, սիրելինե՛րս, ինքնախաբեությամբ զբաղվելու միամտությունը չունենաք հանկարծ, երբևէ մտքներովդ թող չանցնի, թե երեխաներին կարելի է համոզել մի բանում, որի մեջ մենք ինքներս համոզված չենք դեռևս, թե երբևէ կկարողանանք սովորեցնել մի բան, կամ սիրել տալ մի բան, որին սովոր չենք ու չենք սիրում ինքներս:
Երեխաները ամենաանկաշառ հոգևոր աչքերն ու արդարամիտ հոգին ունեն, նրանք դեռևս չեն աղտոտվել աշխարհի կանոններով:
Եվ շատ անգամ մեզանից պահանջվում է երեխաներին օրինակ լինելուց առաջ, իրենց որպես օրինակ ունենալ մեզ համար, ինչպես և Քրիստոս է մեզ պատգամում, ասելով` եթե ուզում եք երկնքի արքայությունը մտնել, նմանվեցե՛ք այս փոքրիկներին:
Տերը օրհնի ամենքիդ ու հատկապես փոքրիկներին:
Մի՛ մոռացեք, նրանք` այդ բզեզիկ-մզեզիկ, համով-հոտով, անուշիկ ճուտիկները ամենուր հետևում են մեզ:
Տեր Մարկոս քահանա Մանգասարյան