Դեկտեմբերի 13-ին Բուրաստանի ս. Հակոբ Մծբնա հայրապետի անունը կրող եկեղեցում ավելի քան 50-ամյա լռությունից հետո կրկին աղոթք հնչեց: ԱՀԹ Դալարի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանը կատարեց ժամերգության արարողություն: Ավարտին տեր հայրը քարոզ խոսեց՝ պատմելով տոնի խորհրդի, Մծբին քաղաքի ս.Հակոբ հայրապետի և նրա հրաշագործությունների մասին: Դիմելով ժողովրդին՝ նա հորդորեց ներկաներին հետևել սրբի օրինակին, հասնել, օգնել տնանկին, թույլին, հիվանդին, տկարին:
Արարողությանը ներկա էին գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, տեղակալ Արշակ Մեջլումյանը, Բուրաստանի և շրջակա համայնքների բնակիչներ:
13-րդ դարի այս հինավուրց եկեղեցին զորանոց, թունաքիմիկատների պահեստ դառնալուց հետո մասնակիորեն հարդարվել է: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանն առաջարկեց վերանորգման աշխատանքներ իրականացնել ու եկեղեցին գործող դարձնել: