Շախմատի միաժամանակյա խաղ ԱՀԹ քահանաների ու երիտասարդների հետ
Շախմատի միաժամանակյա խաղ ԱՀԹ քահանաների ու երիտասարդների հետ
Դեկտեմբերի 20-ին ԱՀԹ առաջնորդարանում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց թեմի քահանաների, երիտասարդների և Երևանի Ավանի շախմատի դպրոցի սաների հետ: ԱՀԹ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ խաղը կազմակերպել էին թեմի երիտասարդական միությունները:
Այս տարի խաղն ուշագրավ էր նրանով, որ առաջին անգամ մասնակցում էին նաև քահանաները: Խաղին հետևում էին Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Սկզբում թեմի հոգևորականներն ու երիտասարդները խաղացին միմյանց հետ: Խաղը վարում էր Երևանի շախմատի ակադեմիայից միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Հաղթողների հետ միջազգային կարգի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի միաժամանակյա խաղը տևեց ավելի քան 3 ժամ և ավարտվեց հիմնականում աշխարհի չեմպիոնի հաղթանակով. գրանցվեց մի այն մեկ ոչ ոքի. գրոսմայստերի հետ հավասար խաղաց Երևանի Ավանի շախմատի դպրոցի սան Հովհաննես Պետրոսյանը:
Սրբազան հոր անունից Տ. Պետրոսը գրոսմայստերին, մրցավարին ու բոլոր մասնակիցներին գրքեր նվիրեց: Շախմատի ֆեդերացիայի անունից Վահագն Խաչատրյանը թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդին հանձնեց վկայագիր՝ շախմատի միաժամանակյա խաղը կազմակերպելու համար:
Արդեն երկրորդ տարին է, որ ս. Աբգար թագավորի տոնի առթիվ երիտասարդները միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ կազմակերպում են շախմատի միաժամանակյա խաղ: Անցած տարի խաղը վարեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Մրցաշարն ավանդական է և ամեն տարի անց է կացվելու ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ:
***
Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր
Ս. Աբգարը քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին, ով թագավորել է 1-ին դարում: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները:
Ս. Աբգար թագավորը կառուցել է Եդեսիա քաղաքն այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում ս. Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը: Ս. Աբգարը տառապում էր անբուժելի համարվող հիվանդությամբ և ոչ ոք չէր կարողանում օգնել նրան:
Խորենացին գրում է, որ լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին՝ ս. Աբգարը հավատացել է Հիսուսին և պատգամաբերների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Փրկչին, որպեսզի Նա գա, բժշկի իրեն և միասին թագավորեն Եդեսիայում:
Պատասխան թղթում Քրիստոս ասել է, որ դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի Իր աշակերտներից մեկին:
Փրկչի Համբարձումից հետո ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել ս. Ադդե մետաքսագործին:
Հիսուս ս. Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում, ապա նաև տարբեր վայրերի եկեղեցիներում:
Այս ամենից հետո ս. Աբգար թագավորը նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Աստվածորդի և Փրկիչ:
Այս տարի ս. Աբգար արքայի տոնը նշվում է դեկտեմբերի 20-ին: