Աստված ձեզ ավելին է վերադարձնելու

Աստված ձեզ ավելին է վերադարձնելու

Երևանը միայն աղմուկի, բարձրահարկ շենքերի, անդադար անցող-դարձող մարդկանց ու մեքենաների քաղաք չէ։ Այն նաև ստեղծագործ, հայրենասեր, մշակութաստեղծ հայորդիների մայրաքաղաք է: Երևանի ամենահեռավոր, թաքնված անկյուններում ստեղծագործում, արարում են արվեստի մարդիկ։ Այս անգամ, սիրելի՛ ընթերցող, զրուցել ենք մասնագիտությամբ կավագործ  Ջիվան Հունանյանի հետ:

 

«Արտ Կերամիկը» (ART CERAMIC) 2011 թվականին հիմնել են Ջիվանն ու իր կինը՝ Հռիփսիմեն։ Այս պահին ընկերությունը զբաղվում է կավե դեկորատիվ և կիրառական իրերի, կավագործության հետ կապված հաստոցների, նյութերի, գործիքների   պատրաստումով և վաճառքով, դասընթացներ վարելով՝  թե՛ որպես արտթերապիա, և թե՛ վարպետների կրթելով ու վերապատրաստելով։ Ընկերությունն այժմ համագործակցում է Հայաստանում 3-4 բարեգործական ընկերությունների հետ (UNDP, Wօrld Wision Armenia և այլն), մոտ տասնհինգ արվեստանոցների ու արտստուդիաների, տասը անհատ ստեղծագործողների հետ։ Նրանց ստեղծած կավե սպասքի արտադրանքը տարածված է ողջ Հայաստանում: Նպատակն է ծավալվել և ստեղծել մեծ գործարան՝ շատ աշխատատեղերով և, ամենակարևորը, «Made in Armenia» կնիքով արտահանել Հայաստանի սահմաններից դուրս։

 

Ջիվանը նշում է, որ իր ծնողներն արվեստի հետ կապ չունեն, սակայն մայրը մեծ դեր է խաղացել իր ընտրության հարցում՝ ժամանակին նկատելով որդու մեծ սերը արվեստի, նկարչության հանդեպ։ Միջնակարգ դպրոցից Ջիվանը տեղափոխվել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական թեքումով դպրոց, որից հետո էլ ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիա։

 

-Յուրաքանչյուր արվեստագետ տիեզերքից էներգիա է ստանում, որն էլ պետք է փոխանցի մարդկանց։ Այդ առումով՝ կավագործությունն ամենամոտն է աստվածայինին։ Մի շատ նուրբ թել կա կավագործության մեջ, որը երբ զգում ես, ընկալում, սկսում ես զգալ  նաև աշխարհը՝ աստղերը, արևը, քո հարազատներին, երկրագունդը, քո կողակցին։ Կավագործության առանձնահատկությունն այն է, որ կավն էներգիան, ինֆորմացիան վերցնում է և իր մեջ պահում։ Այս է պատճառը, որ իմ վարպետ Հրաչը խորհուրդ էր տալիս կավին չհարվածել, վատ մտքերով չմոտենալ, որովհետև կավը հիշողություն ունի,- ասում է Ջիվանը։

 

Ջիվանը նույնիսկ փորձ է արել՝ նյարդային վիճակում աշխատել է կավի հետ: Երեք օր անց պատրաստած իրը կոտրվել է։

 

Կավի ծագման և բացահայտման բազմաթիվ վարկածներից իմ զրուցակիցն առանձնացնում է աստվածաշնչյան տողերը՝ Աստված մարդուն կավից արարեց։ Միևնույն ժամանակ նշում, որ Աստծո և կավի մասին երկար կարելի է խոսել, պատմել, որովհետև բազմաշերտ ու խորն են այսքան տարիների կուտակած գիտելիքներն ու փորձը։

 

-Սկսնակ կավագործներին խորհուրդ կտամ մեծ համբերություն ունենալ։ Եթե դու չհիասթափվես տեխնիկական խնդիրներից, պատրաստածդ իրի կոտրվելուց և ամուր լինես, վերջնարդյունքում ավելի ես կապվելու Աստծո հետ։ Մի քանի տարվա փորձ ունեցող վարպետներին, ովքեր չարչարանքների ու չհիասթափվելու դժվար փուլն անցել են, մաղթում եմ նոր գաղափարներ, ծրագրեր, իսկ հմուտ վարպետներին՝ որ իրենց պատրաստածը, արարածը միայն որպես նյութ չփոխանցեն։ Այն գիտելիքները և փորձը, որոնք կյանքի ընթացքում ձեռք են բերել, թող փոխանցեն սերունդներին, որովհետև դրանց քաղցն ունի Հայաստանը։ Գիտելիքի, փորձի փոխանցման այս գիտակցումն եմ մաղթում բոլորին։ Հավատացած եղեք, որ Աստված ձեզ ավելին  է վերադարձնելու։

               

Շուշան ԲԱԲԱՅԱՆ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2022-04-25
×