Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն ուխտագնացությամբ սրբացրեց տերունի օրը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն ուխտագնացությամբ սրբացրեց տերունի օրը

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն ուխտագնացությամբ սրբացրեց տերունի օրը

Շաբաթվա յոթ օրերից տերունի օրը՝ կիրակին, քրիստոնյան նվիրաբերում է Տիրոջը՝ սրբացնելով այն Ս. Պատարագին մասնակցությամբ և բարի գործերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ հերթական տերունի օրը՝ նոյեմբերի 6-ը, սրբացրեցին ուխտագնացությամբ՝ նվիրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձին: «Մեր ուխտի աղոթքն է, որ Տերն Ամենայն Հայոց Հայրապետին պարգևի ուղիղ վարդապետությամբ երկար տարիների հայրապետական կյանք», - ասաց Վաչագան սարկավագը:


Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների աղոթքի ուղին դեպի Շիրակի թեմ էր: Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակը զարդարված է երկու ՝ Ս. Յոթ վերք և Ս. Ամենափրկիչ եկեղեցիներով, որոնք էլ այցելեցին ուխտավորները: 19-րդ դարում կառուցված Ս. Յոթ Վերք եկեղեցին, որ հայտնի է նաև Ս. Աստվածածին անունով, տերունական օրը հյուրընկալեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին: Ս. Պատարագի մասնակիցներն իրենց հավատքով մասնակից եղան այն կենդանի հիշողությանը, որ կապված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյանը, Նրա ծառայությանը և մարդկության փրկագործությանը նվիրված զոհաբերությանը: Նրանցից յուրաքանչյուրը կրկին ու կրկին անգամ ապրեց սիրո զոհաբերության խորհուրդը:


Ս. Պատարագը մատուցվեց Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հանդիսապետությամբ: Պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շիրակ ավագ քահանա Առաքելյանը: Քարոզխոսեց Արմաշ Սրբազանը, ով անդրադարձավ օրվա ավետարանական ընթերցմանը՝ Հայրոսի աղջկա հարությանը: Խոսելով մահվան, թերահավատության և վախի մասին, Սրբազան Հայրը նշեց, որ կյանքում տարբեր պատճառներից առաջ եկած թերահավատությունն ու վախը հաղթահարվում են միմիայն հավատքի շնորհիվ:


Ս. Հաղորդությամբ ուխտավորներն ընդունեցին Քրիստոսին իրենց մեջ, միավորվեցին Նրա հետ և արժանի դարձան շարունակել իրենց կյանքը Քրիստոսով:


Ս. Պատարագի ավարտին ներկաները մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձի առթիվ Հայրապետական մաղթանքին: Այնուհետև ուխտավորներն Աստվածամոր բարեխոսությունը խնդրեցին նրա «Յեօթն խոցից» սրբապատկերի առջև, ի պատիվ որի եկեղեցին վերանվանվել է Ս. Յոթ Վերք: Ըստ Ղ. Ալիշանի՝ սրբապատկերը նկարել է Ս. Ղուկաս Ավետարանիչը, այն Հայաստան է բերել Գրիգոր Մագիստրոսը։ Նկարում պատկերված է Ս. Մարիամն իր յոթ վերքերով։ Սրբապատկերի հետ կապված թե՛ նախկինում տեղի ունեցած և թե՛ այսօր կատարվող բազմաթիվ հրաշագործություններ են հիշատակվում: Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ էլ ժամանակին գտնվել է վերը նշված սրբապատկերը։ Ս. Յոթ վերք եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները՝ բացի Ս. Էջմիածնի Մայր Տաճարից։ Ուխտավորներն այցելեցին նաև Անիի Մայր տաճարի նմանությամբ կառուցված Ս. Ամենափրկիչ եկեղեցին (1873 թ.), ընդհանրական աղոթքից հետո ծանոթացան եկեղեցու սրբանկարների հեղինակ, ռուսաստանաբնակ հայազգի նկարիչ Տիգրան Ղուկասյանի հետ: Զրույցի ընթացքում նկարիչը ներկայացրեց այն սկզբունքներն ու կերպերը, որոնք գործածում է սրբապատկերները նկարելիս: Ուխտավորների ուշադրությունը գրավեց եկեղեցու արևմտյան պատի ողջ հատվածի սրբապատկերը, որը ներկայացնում է հայոց դարձը: Ըստ նկարչի՝ սրբապատկերը պատկերվել է միջնադարյան ոճով, այսինքն՝ գործածվել են միայն վրձին և այդ ժամանակաշրջանի նկարչությանը հատուկ բնական նյութեր:


Սիրո ճաշից հետո Վաչագան սարկավագն ուխտավորների հետ զրուցեց հրեշտակների մասին, անդրադարձավ նաև մահվանից հետո մարդու հոգու ընթացքին, քրիստոնեական ընթացքի մեջ մնալու կարևորությանը և կերպերին՝ զրույցը եզրափակելով Աստծո ներկայության մեջ գիտակցված և ոչ թե զգացմունքային կյանքով առ Աստված ձգտմամբ:


Հաջորդ սրբավայրն, ուր ուղևորվեցին ուխտավորները, Վահրամաբերդ գյուղի մոտ, Ախուրյան գետի ձախ ափին, ոչ մեծ հարթության վրա վեհորեն բազմած Մարմաշենի վանքն էր: Համաձայն հարավային պատի արձանագրության՝ սրբավայրը կառուցվել է 988-1029 թթ. Վահրամ Պահլավունու կողմից: Հետագայում այստեղ է ամփոփվել հայրենասեր իշխանի մարմինը:
Ուխտավորները վանքում հանգստյան ժամերգությամբ ընդհանրական աղոթք արեցին: Մարմաշենի վանք այցելած յուրաքանչյուր ուխտավոր կարծես ակամայից մասնակից է լինում վանքի դարավոր աղոթական շնչին, իմաստությանը և փորձառությանը, ինչպես նաև վանքի և բնության միջև ծավալված լուռ ու խորհրդավոր զրույցին:


Աղոթքով հագեցած տերունական օրը զորացրեց Զորավոր Ս. Աստվածածնի ուխտավորներին՝ պատճառելով այն հոգևոր ցնծությունը, որի նկարագրությունը տալիս է սաղմոսերգուն. «Որքա՜ն հաճելի է Քո հարկի տակ, զորությունների Տեր. իմ հոգին Քո գավիթն է ցանկանում ու փափագում: Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծով» (Սաղմոս 83:2-3):

 



Կարինե Սուգիկյան

  • 2016-11-05
×