«Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը»
Մեր կյանքում, երբ զանազան փորձությունների ենք հանդիպում, վախենում ենք։ Դա բնական է, չէ՞ որ վախով մարդ արձագանքում է կա՛մ փորձված երևույթներին, որոնք նախկինում նրա համար ունեցել են բացասական հետանքներ, կա՛մ անծանոթ մի երևույթի, որը չի ճանաչում, որի հետևանքներն անհայտ են։
Սակայն որքան էլ որ վախը բնական լինի, այն պիտի ունենա իր պատճառը։ Ուրեմն՝ մի պահ պիտի կանգ առնենք ու հարցնենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ եմ վախենում։ Սրանից առաջ էլ հարկ է, որ տանք հարցը՝ ինչի՞ց եմ վախենում։
Զանազան փորձությունների միջով պատվով անցած մարդը թրծված է։ Նա չի վախենում, քանզի վստահ է, որ Աստծուն իր միակ ապավեն ունենալով՝ կհաղթահարի ամեն բան։ Նա չի վախենում, քանզի վստահ է՝ Աստված առաջնորդում է իրեն։
Իսկ ի՞նչ ենք զգում մենք։ Արդյո՞ք մենք վախենում ենք, քանի որ բավարար չափով չենք հավատում, չենք վստահում Տիրոջը՝ փորձությունների մեջ ընկնելիս։ Ուստի՝ «ինչո՞ւ եմ վախենում», «ինչի՞ց եմ վախենում» հարցերից առաջ ինքներս մեզ տանք ամենակարևոր մի հարց՝ ո՞վ եմ ես, որ վախենում եմ։ Այս հարցի պատասխանն է, որ փարատելու է մեր վախերը՝ լցնելով մեզ Աստծո ներկայությամբ։
Աստված Ինքն է մեզ ստեղծել։ Հենց Նա է խոստացել մեզ, որ մեզ հետ է հավերժ․ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20)։ Ինքը՝ Քրիստոս է մեզ պատվիրում չվախենալ․ «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1:17-18)։ Ուստի՝ անտեղի է մեր վախը։ Պետք չէ վախենալ Աստծո ներկայությամբ, քանի որ եթե վախենում ենք, նշանակում է՝ չենք հավատում Նրա ներկայությանը մեր կյանքում։ Սակայն սա էլ թույլ չի տալիս բացարձակ հանգստության մեջ ընկնել։ Անշուշտ, հարկ է երկյուղածությամբ մոտենալ Աստծո հավերժական ներկայությանը մեր կյանքում՝ այն ընդունելով որպես շնորհ։ Եվ ականջալուր լինելով Սուրբ Գրքում ասված խոսքին, թե «Մի՛ վախեցիր», Աստծո խոսքը որպես վահան ունենալով՝ դառնանք էլ ավելի անվախ հոգեպես։ Հենց սա՝ հոգևոր անվախությունն է իրական, աստվածահաճո պատասխանը։