Սուրբ Հովհան Ոսկեբերան «Խոնարհամտության մասին»

Սուրբ Հովհան Ոսկեբերան «Խոնարհամտության մասին»

«Բոլոր չարիքների պատճառը սնապարծությունն է: Այդտեղից են կռիվներն ու վեճերը, զրպարտությունները, այստեղից են անզգայությունը և սիրո պաղումը, երբ մենք սիրում ենք մարդկային փառքը, երբ ստրկանում ենք մարդկային պատվին: Քանզի փառքի ծառան չի կարող լինել Աստծո իրական ծառա: Կասեք, թե ինչպե՞ս կարող ենք խուսափել սնապարծությունից, քանի դեռ մեզ ցույց չես տվել ճանապարհը: Լսի՛ր, թե ինչ է ասում Առաքյալը. «Խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպ. 2:3): Իմաստությամբ լեցուն ինչպիսի՛ պատվիրան և մեր փրկության համար ինչպիսի՛ ուղեցույց է առաջարկում նա: Եթե դու, ասում է, պատկերացնես, որ մյուսը քեզնից լավն է և համոզվես դրանում, և այնպես պատահի, որ նրան պատվի արժանացնեն, մի՞թե տհաճություն չես զգա: Ուրեմն, դիմացինիդ ո՛չ միայն քեզանից լավը համարիր, այլև առավել բարձր, և քեզ համար էլ սարսափելի և ցավալի չի լինի նրան հարգված տեսնելը, նույնիսկ եթե նա վիրավորի քեզ, դու մեծահոգությամբ կկրես, որովհետև նրան քեզանից լավն ես համարել: Նա կնախատի քեզ, կհանդուրժես, չարիք կպատճառի, լռությամբ կկրես, քանզի այն ժամանակ, երբ դու քո հոգում լիովին համոզվես, որ նա քեզանից լավն է, այլևս չես բարկանա, ինչ չարիք էլ, որ նա քեզ պատճառի և ոչ էլ կնախանձես նրան, քանզի նա, ով բարձր է, ոչ ոք նրան չի նախանձում, որովհետև յուրաքանչյուրն էլ մտածում է, որ ամեն ինչ պատկանում է բարձրերին: Իսկ երբ դիմացինդ, որ քեզանից այդպիսի պատվի է արժանացել, քո առջև նման դիրք ունենա, պատկերացրու, որ դա կարող է ամուր հիմք հանդիսանալ փոխադարձ ներողամտություն կառուցելու համար: Քանի դեռ դու դիմացինիդ արժանի ես համարում հարգանքի, և նա քեզ հավասար է, երբեք ոչ մի տհաճ միջադեպ տեղի չի ունենա: Քանի որ եթե մեկի վարվելակերպը հիմնովին ոչնչացնում է զայրույթի բոլոր դրսևորումները, ապա այդ փոխադարձ տրամադրվածության պայմաններում ո՞վ կարող է կործանել այդպիսի ամրությունը: Ուստի խոնարհամտությունն ամեն բարիքի պատճառ է, իսկ որպեսզի հասկանալի լինի այս, լսի՛ր, թե ինչ է ասում  Մարգարեն. «Եթե ուզեիր պատարագ կմատուցեինք, բայց Դու ողջակեզներ չես սիրում, խոնարհ հոգին է պատարագն Աստծո, կոտրած սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50:18-19): Աստված ոչ միայն ուղղակի խոնարհամտություն է պահանջում, այլև՝ խոնարհամտության ձգտում: Ինչպես ջախջախված մարմինները երբեք չեն կարող դիմակայել ամուր մարմնին, այլ յուրաքանչյուր ցնցման դեպքում իրենց կկործանեն՝ դիմացինին տապալելու փոխարեն: Ճնշված մարդը մշտապես կոտրված սիրտ ունի, իր համար ավելի լավ է մեռնել, քան հարձակվել և պաշտպանվել: Ուրեմն, մինչև երբ պիտի ամբարտավանանանք հպարտությամբ, ինչը ծիծաղելի է: Մենք ծիծաղում ենք, երբ տեսնում ենք, որ երեխաները ձգված կանգնում են և մեծի պես են վարվում, ծիծաղում ենք նաև նրա վրա, ով մեկ քարեր է հավաքում, մեկ նորից դեն նետում: Այդպես էլ մարդկային հիմար հպարտությունն արդյունք է մանկամտության և տհասության. «Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է և մոխիր» (Սիրաք 10:9): Մարդ, դու մեծամտանում ե՞ս: Ինչի՞ համար, ի՞նչ օգուտ ունես դրանից, ասա՛ ինձ: Ինչո՞ւ ես մեծամտանում նրանց առջև, ովքեր նույն քո ցեղից են: Մի՞թե դու նույն բնությունը չունես: Մի՞թե նույն հոգին չունես: Մի՞թե հավասար պատվի չես արժանանում Աստծո կողմից: Բայց դու ինչ է ավելի՞ խելացի ես, հետևաբար պետք է գոհություն հայտնես, այլ ոչ թե ամբարտավանես: Հպարտության առաջին գիծը ապերախտությունն է, որովհետև բարեգործությունը նա որպես բարիք չի ընդունում: Ամբարտավանն էլ հենց այն պատճառով է ամբարտավանում, որ իրեն կատարյալ է համարում: Իսկ իրեն կատարյալ համարողը շնորհակալ չէ նաև իրեն պատիվ պարգևողից: Հպարտությունն ընդհանրապես հատուկ չէ քրիստոնեական ոգուն»:

 

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2022-04-25
×