«Երկնքում ձեր վարձը շատ է»
Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, ովքեր զոհեցին իրենց կյանքը՝ հանուն հավատի, հանուն ինքնության: Մեկ ու կես միլիոն հայեր, սոսկ հայ լինելու պատճառաբանությամբ կոտորվեցին, դարձան թուրքական յաթաղանի զոհեր: Անմեղ զոհերն, ովքեր այժմ սրբացված նահատակներ են, որպես փրկության ուղի տեսան իրենց նահատակությունը և ոչ ձուլումը օտարի, թշնամուն:
Մեկ ու կես միլիոն հայեր, որոնց թվում էին չորս հազար հոգևորականներ, ընտրեցին և հաստատեցին իրենց որոշումը՝ ապրել և մեռնել՝ Քրիստոսին իրենց մտքում ունենալով, որպես հայ: Իրենց սրտրեում կրելով Տիրոջ Խաչը՝ իրենք էլ ընտրեցին նման մի ուղի և անցան մի Գողգոթայով՝ ուսերին տանելով իրենց իսկ խաչը, որ հայ լինելն էր:
«Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով» (Մատթ. 5: 11),- Սուրբ Գրքում հենց այսպես ասաց Աստվածորդին: Իսկ այժմ ապրողներին, կարծես նախապես իմանալով տեղի ունեցողը, պատգամեց..«Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ. 5:12):
Քրիստոս գիտեր, որ իր հետևորդներն ու իր զավակները մշտապես հալածվելու են, անցնելու են Գողգոթայով, գնալու են զոհաբերման, ինչպես Նա արեց: Այս խոսքով Քրիստոս հաստատեց, որ այդպիսինների մշտական ուղեկիցն ու ապավենն է լինելու՝ չլքելով նրանց և ոչ մի փորձության մեջ: Քրիստոս ուղեկցում էր սուրբ նահատակներին անապատների տապի, ծարավի մեջ՝ ոչ մի վայրկյան չլքելով: Աստված տեսնում էր չարչարանքների մեջ չտրտնջացող մարդկանց, ովքեր իրենց ժայռերից ցած էին նետում՝ միայն թե չձուլվեին, միայն թե չկորցնեին ինքնությունը: Եվ կրկին ու կրկին հաստատում խոսքը, թե «երանի է ձեզ»:
Աստված մշտապես մեզ հետ է՝ Իր խոստման համաձայն. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20): Պողոս առաքյալը Տիմոթեոսին սովորեցնում էր ճշմարիտ աստվածապաշտության կերպը, որն է՝ տքնել և նախատինք կրել՝ առանց հուսահատության կամ հավատքի տկարության: Ճշմարիտ քրիստոնյաներ էին մեկ ու կես միլիոն սուրբ նահատակները:
Եկեք, ուրեմն, մենք էլ երբևէ, մեր կյանքի ծանր ու դժվար իրավիճակներում չհուսահատվենք՝ ասելով, թե Աստված լքել է մեզ: Աստված երբեք ու երբեք չի լքում: Եկեք երբեք չերկնչենք հալածանքներից, չհասկացվելուց կամ չարախոսություններից, ողջ հոգով և էությամբ մերժենք այն գայթակղությունները, որոնք հեռացնում են մեզ Աստծուց: Մեր աչքերի առաջ ունենանք սուրբ նահատակներին, ովքեր իրական քրիստոնյաներ էին, և նահատակվեցին՝ հանուն ինքնության և Աստծո:
Աղոթենք, որ Տերը սուրբ նահատակների բարեխոսությամբ մեզ տա ուժ ու համբերություն, որպեսզի այսօր մեզ բաժին հասած փորձություններում մնանք հայ և քրիստոնյա: