Ինչի՞ համար է աշխարհում առաջին քրիստոնյա ազգը

Ինչի՞ համար է աշխարհում առաջին քրիստոնյա ազգը

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք միմյանց սիրեք. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ նույնպես միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, թե դուք իմ աշակերտներն եք»: Հովհաննես 13.34-35

 

Մարտյան արևոտ օրերից մեկն է, երևանյան գողտրիկ սրճարաններից մեկում եմ։

 

Վայելելով տաք բուսական թեյս՝ հարցազրույց ենք անցկացնում մի շատ հաճելի աղջկա հետ։ Խոսում ենք իմ անցած ճանապարհից,  արվեստից։ Հարցնում է՝ ի՞նչն է օգնում հաղթահարել ինձ հանդիպող դժվարությունները։

 

Պատասխանում եմ՝ Աստված, հավատը, սերը, հրեշտակս... Աղջնակը մի փոքր շփոթված հարցնում է. «Հավատո՞ւմ ես Աստծուն»։ Ասում եմ՝ զգում եմ Աստծուն, տեսնում եմ Նրա ապաքինող ներկայությունն ամենուր։ Տեսնում եմ Նրան առավոտվա թարմության մեջ, տեսնում եմ երկնքից թափվող ամեն հատիկ ձյան, իմ արցունքի մեջ, մանկահասակ երեխաների ժպիտներում։ Տեսնում եմ, զգում եմ ամեն օր։ Իսկ հավատը վերաբերում է Աստծո հոգատարությանը, սիրուն, տված խոստումին, որ երբեք մենակ չեմ՝ ինչ էլ պատահի։ Որ թե թակեմ՝ կբացվի, խնդրեմ՝ կտրվի։ Միայն ունենամ այն մանանեխի չափ հավատը, որը կարող է սարեր շարժել։

 

Ես չեմ ուզում սարեր շարժել, ուզում եմ սիրել ու ստեղծագործել։ Բարին տեսնել ու տարածել։ Ուզում եմ ոչ մեկի ցավի պատճառը չլինել։ Ուզում եմ խաղաղություն սփռող լինել։ Հավանաբար այս ամենը լեռներ շարժելու չափ բարդ է միշտ, հատկապես՝ մերօրյա իրականությունում։ Բայց իմ ձգտումը սա է, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարող եմ Աստծո կենարար ներկայությանն արժանանալ, ինչպե՞ս կարող եմ Նրան տեսնել։

 

Շատ կուզեի, որ իրեն քրիստոնյա համարող ցանկացած մեկը մտածեր այս մասին։ Շատ հաճախ տեսնում եմ մարդկանց (համոզված՝ իրենք քրիստոնյա են), ովքեր պատրաստ են քարկոծել, այրել, ոչնչացնել իրենց կարծիքով սխալվածին, ընկածին, արատավորին, իրենցից տարբեր մեկին։ Եվ սա է մեր խնդիրների պատճառը, մեր չվերջացող փորձությունների ակունքը։ Որովհետև մեզ մի բան ենք կարծում, որ չենք․ ձևի ջատագով ենք, ոչ թե՝ բովանդակության։ Ասում ենք մի բան, անում ենք այլ բան։ Ազնիվ չենք, ինքնաքննման մեջ խիզախ չենք։ Մեր աչքի գերանը տեսնել չենք ուզում։

 

Տարիներով զբաղված ենք այլոց աչքերի շյուղերով, զբաղված ենք մանր գործերով։

 

Մենք մեզ քննել չենք սիրում, չենք ուզում։ Միայն կողքինին, ուրիշին, դիմացինին, բայց ոչ՝ մեզ։ Դրա համար՝ անընդհատ նույն փորձությունները, նույն ցավերը, նույն շրջապտույտը։ Եվ դաս չենք քաղում։ Ես սա ասում եմ մեծ ցավով ու երազում փոփոխության մասին՝ քաջ գիտակցելով, որ պատասխանատու եմ միայն ինձ համար, ինչ-որ չափով՝ նաև իմ ընթերցողների։ Ես ձեզանից մեկն եմ: Այն, ինչ գրում եմ, առաջինն ինձ համար եմ գրում։ Առաջինն ինձ եմ ասում, ոչ մեկից լավը չեմ, ոչ մեկից առավել չեմ։ Համոզված եմ, որ չգիտենք սիրել՝ քարկոծելու փոխարեն, չգիտենք ինչպես լուսավորել մարդուն՝ առանց ցածրացնելու նրան, ինչպես ձեռք մեկնել, ինչպես լինել Աստծո գոյության կենդանի ապացույց։ Մենք վախերով ենք պաշարված, մենք մեզ անապահով ու թույլ ենք զգում, որովհետև մոռացել ենք՝ ով ենք, ինչի համար ենք, որն է մեր դերը, առաքելությունը։

 

Տվածս հարցազրույցում ասում եմ՝ եթե չգիտենք ու չենք կարողանում ուժեղ լինել, սիրող պիտի լինենք, հոգատար պիտի լինենք, այսինքն ուժեղ՝ մեր փխրունության մեջ։

 

Հիմա անընդհատ խոսվում է՝ պիտի հզորանալ, պիտի զինվել, պիտի ուժեղ լինել։ Ինչպե՞ս է հնարավոր դառնալ ուժեղ, երբ չկա սեր, չկա հարգանք, չկա վստահություն միմյանց հանդեպ։

 

Երբ չկա ընդհանուր նպատակ, երբ դիմացինդ քո հարազատը չէ, այլ օտար մեկը, ում պատրաստ ես խժռել սայթաքելուց անմիջապես հետո։

 

Մի անգամ, երբ սոցցանցերից մեկում պատմել էի, որ կյանքում որևէ օր աթեիստ չեմ եղել, մեկը հարցրեց՝ այդ դեպքում ինչպե՞ս ես մտերմություն անում այս մարդու հետ (նկատի ունենալով մի ընկերոջ, որն աթեիստ է)։ Ասացի՝ ես ոչ մի վեճ չունեմ աթեիստների հետ, որովհետև նրանց մեջ ևս տեսնում եմ Աստծուն, նրանց գլխին ևս տեսնում եմ Աստծո հոգատար ձեռքը, և նրանք ևս արժանի են սիրո։ Նրանց հետ Աստծո գոյության կամ հավատի շուրջ բանավիճելը նույնն է, ինչ ի ծնե կույր մարդու հետ վիճես գույների գոյության մասին։ Իսկ որտե՞ղ մնաց սերը, կարեկցանքը։ Ի՞նչն է ինձ տարբեր դարձնում Աստծուն չճանաչողից։

 

Մեզ կառողջացնի և կհզորացնի միայն իսկական կարեկցանքը, հանդուրժելու ունակութունն ու ազնվությունը ինքներս մեզ հետ։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ եք այստեղ։ Ինչո՞ւ է Արարիչը հենց ձեզանում փչել կենդանարար շունչն ու ուղևորել երկիր։ Ունե՞ք սեփական առաքելության գիտակցումը, եթե՝ ոչ, փնտրո՞ւմ եք այն։

 

Նա, ով գիտի՝ ինչու է այստեղ, գիտի, որ իր կյանքն Աստծո ձեռքերում է։ Նա, ով անում է այն, ինչի համար այստեղ է, չի վախենում մահից, կործանումից, արհավիրքից, չլինելուց․․․ Որովհետև գիտի՝ մենակ չէ։ Մենք մենակ չենք, բայց գիտե՞նք արդյոք՝ ինչի համար ենք այստեղ։

 

Ես այստեղ եմ, որ սիրեմ, որ Աստված իմ ձեռքերով խաղա կավի հետ։ Որ Նա իմ միջոցով սեր ու խաղաղություն առաքի այլ մարդկանց։

 

Ինչի՞ համար է աշխարհում առաջին քրիստոնյա ազգը։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2022-04-25
×