Դեկտեմբերի 23-ին ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսն «Օրհնության գիր» շնորհեց Արարատյան Հայրապետական թեմի տարածաշրջանի այն դպրոցներին, որոնք լավագույնս մասնակցել էին «Ավետարանական առակներ» խորագրով հանրապետական մրցույթին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնած այս ծրագին Արարատյան Հայրապետական թեմի տարածքից մասնակցել էին 117 դպրոց. 49 Երևանից, 58 Արարատի մարզից:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ Մանուկների Աստվածաշունչ և Նոր Կտակարաններ ստացան մրցույթին առանձնահատուկ կարողություններով աչքի ընկած աշակերտները:
Հանդիսության ընթացքում դպրոցներին «Գնահատանքի գիր» հանձնեց նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Տ. Վարդան եպիսկոպոսը խորին շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ սրբազանին՝ թեմի հարկի տակ հյուրընկալելու համար: Նա շնորհակալություն հայտնեց նաև Հայ Եկեղեցու հայաստանյան թեմակալ բոլոր առաջնորդներին, ում օրհնությամբ քահանաները հանձնաժողովների կազմում ակտիվորեն մաս էին կազմել մրցույթի բոլոր փուլերին: Նա նաև բարձր գնահատեց Երևանի քաղաքապետարանի ու Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչությունների աջակցությունը, ինչպես նաև դպրոցների ակտիվ մասնակցությունը մրցույթին:
Ողջունելով ներկաներին Տ. Նավասարդ Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց բոլոր մասնակիցներին՝ մասնավորապես ասելով. «Այս նախաձեռնությունն իր հարուստ պտուղները պիտի տա: Համոզված եմ, որ ծրագրի մեջ ներգրավված լինելով՝ դուք ինքներդ ոգևորության ու ներշնչանքի ոչ ավելորդ, այլ անհրաժեշտ պահեր ունեցաք: Այստեղ մեր թեմի տարածաշրջանի՝ Երևանի ու Արարատի մարզի, մասնակից դպրոցների ներկայացուցիչներդ եք: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակցիներին և մրցանակակիրներին: Մեզ համար շատ հաճելի է, երբ տեսնում եմ, որ հպարտությամբ եք մասնակցել ծրագրին: Պետք է առաջնային դիրքերը երբեք չզիջել: Մեր հորդորը ձեզ սա է: Գլխավոր մրցանակ և երեք մրցանակիներից մեկը. այս ցուցանիշը գոնե պետք է պահել: Դրա համար նմանատիպ մրցույթներին պետք է առավել չափով մասնակցել: Աստված թող օրհնի ձեզ և շնորհները բազմապատկի, որպեսզի այն սերմերը, որպեսզի ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով Հայաստանի հողի մեջ մարդկայնորեն ցանվում են, հրաշալի պտուղներ տան: Այդ պարագայում մենք կունենանք հիանալի ապագա: Շնորհքը, սերը և խաղաղությունը թող լինեն ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ»:
Թեմի տարածաշրջանից մրցույթի հանրապետական փուլին մասնակցում էին երեք դպրոց՝ Արարատի թիվ 4, Երևանի թիվ 166 և թիվ 155:
Մրցույթի արդյունքներով դրանցից երկուսը չորս լավագույններից էին ճանաչվել. Արարատի թիվ 4 դպրոցը արժանացավ գլխավոր՝ «Հայրապետական» մրցանակին, Երևանի թիվ 166 դպրոցը՝ «Լավագույն սցենար» մրցանակին:
Մասնակիցների անունից թիվ 155 դպրոցի ներկայացուցիչը կարևորեց Մայր Եկեղեցու հերթական քրիստոնեական կրթական նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու աջակիցներին:
Հանդիսությունն ավարտվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի Պահպանիչ աղոթքով: